ՀՔԾ-ն ավարտել է սեպտեմբերի 23-ի ընտրություններում ընտրական իրավունքների խախտման ևս մեկ գործի նախաքննությունը

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունները ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է ընտրական իրավունքների խախտման փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունն ավարտելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը»:

Ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում հանդիպել է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ Լ. Ջ.-ին ու Է. Ջ.-ին և նրանցից պահանջել հանձնաժողովի անդամի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վճարվող 55 հազար դրամ աշխատավարձի դիմաց 10-ական ձայն ապահովել նշված կուսակցության օգտին, հակառակ դեպքում՝ հայտնել ինքնաբացարկներ»: Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն ներկայացրել են ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ գրավոր դիմումներ ու հեռացել նախընտրական շտաբից:

«Այնուհետև, կատարվածի վերաբերյալ իրենց դժգոհությունները «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը հայտնելուց հետո, Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն 2018թ. սեպտեմբերի 18-ին ԿԸՀ-ից տեղեկացել են, որ վերականգնվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ և կարող են կրկին իրականացնել իրենց լիազորությունները», - ասված է հաղորդագրությունում:

Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ, ասված է հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով ընտրական իրավունքների խախտման համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: