Եվրոպական տարբեր երկրներում տեքստիլ արդյունաբերություն խոշոր բիզնես ծավալած, հայազգի գործարար Քրիստիան Գելեջին անցած 11 տարիներին Հայաստանում մոտ 700 աշխատատեղ է ստեղծել, որից 100-ը՝ Վանաձորում։ Ասում է՝ ստիպված է անընդհատ պայքարել գործարարի համար արհեստականորեն ստեղծվող դժվարությունների դեմ նաև հեղափոխությունից հետո։
«Այսօր՝ այս պահին, Նիկոլ էֆենդին ասում ա՝ մենք սենց, սենց պիտի անենք, ոչ մի բան չեն անում, սուտ են խոսում», - նշեց Գելեջին։
Գործարարը 11 տարի առաջ Հոլանդիայից եկել է Հայաստան, Վանաձորում գնել խորհրդային տարիների տրիկոտաժի ֆաբրիկայի մոտ 5 հա տարածքը՝ քանդված, քայքայված ու թալանված շենքերով։
Մասնաշենքերից մեկում արդեն 500 միլիոն դրամի ներդրում է արել, վերակառուցել և մտադիր է մեկ այլ շենքում տեղակայված իր կարի արտադրամասը տեղափոխել ավելի բարեկարգ տարածք։ Դեռ նախկին իշխանության օրոք դիմել է կառավարություն, խնդրել՝ զիջել մոտ 110 միլիոն դրամի հողի կադաստրային արժեքի պարտավորությունը։ Համաձայնության հասել է, բայց կառավարության անդամների փոփոխության հետ, գործն այդպես էլ գլուխ չի եկել։ Ասում է՝ հեղափոխությունից հետո վերջապես աջակցություն ստանալու հույս է արթնացել, բայց ապարդյուն. կառավարությունը դեռ չի արձագանքել իր վեց ամիս առաջ գրած նամակին։
«Փոխանակ իմ նման մարդու գործը հեշտացնեն ավելի են բարդացնում են, որովհետև նախանձություն կա։ Մարդիկ ասում են՝ ապուշը ո՞նց ա եկել ստեղ, կարողացել էդ գործը անի։ Սենց են մտածում մեր մասին։ Մենք՝ Սփյուռքի մարդիկ հայաստանցիների համար ապուշ մարդիկ ենք։ Մենք փող ունենք, փողը թողնենք ու գնանք։ Ասում եմ՝ եղբայր այս հողը փտում ա, ես այս շենքի վրա 300 միլիոն փող եմ ծախսել, մի 200 միլիոն էլ մեքենա պիտի բերեմ պետությունը շնորհ չունի՞, որ ինձ 100 միլիոնով օգնի», - ընդգծեց գործարարը։
Օրինակ է բերում՝ եվրոպական երկրներում, ինչպես նաև Թուրքիայում նմանատիպ արտադրություն ունի՝ ավելի քան 10 հազար աշխատատեղով։ Վերջերս նոր գործ է սկսել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։
«Թուրքական պետությունը որ հային դեմ ա, իրենք շատ լավ գիրեն, որ Քրիստիանը հայ ա, որպես հայ ինձ ներգրավում են, մի հատ էլ հանաքով ասում են՝ այս հողերը ձերն ա, մենք ո՞նց կարանք քեզնից փող վերցնենք», - ասաց նա։
Վանաձորում Քրիստիանի 100 աշխատատեղով արտադրամասում աշխատողները դժգոհեցին անտանելի ցրտից ու ցածր հատավճարից։ Խորհրդային տարիների անբարեկարգ շենքում աշխատող կանայք ասում էին, որ ստեղծված պայմաններում հնարավոր չէ արտադրանքի բարձր ցուցանիշներ ապահովել ու բարձր աշխատավարձ ստանալ։
«Էս ցրտին կարա՞ն աշխատեն մարդիկ։ 5 տարի ա աշխատում եմ՝ միակ բողոքս տաքության ապահովումն է, ձմռանը ահավոր ցուրտ է լինում, պլիտաները ոչ օգնում են, ոչ էլ», - պատմեցին աշխատակիցները։
Արտադրամասի արդեն նախկին աշխատակիցներից մեկը՝ Նունե Մաթևոսյանն «Ազատությանն» ասաց, թե ձեռքերը ցրտահարվել են Քրիստիանի արտադրամասում։ - «Եղել ա, որ ես էնքան եմ մրսել, որ լաց լինելով եմ աշխատել, էդ կարգի ինձ վատ զգալով, ձեռքերս սառած»։
Մինչդեռ Քրիստիան Գելեջին նշում է, թե պետությունը հայաստանցիներին սովորեցրել է չաշխատել։ Չեն դիմանում ոչ թե ցրտին, այլ աշխատանքին ասաց նա՝ շարունակելով. - «Եթե տիկինը եկել ա, իրա քրտինքով չի ուզում աշխատել, ես էս տիկինին ոչ կարամ ստիպեմ աշխատի, ոչ էլ կխնդրեմ, որ ինքը աշխատի փող ստանա»։
Ինը երեխաների 47-ամյա հայրն իր ամբողջ ընտանիքով Երևանում է բնակվում և Հայաստանի քաղաքներում ընդլայնում կարի արտադրության բիզնեսը։ Առաջիկայում նաև կտորի արտադրություն կսկսի, բայց այլևս պետության վրա հույս չի դնի, ասում է սրտնեղած գործարարն ու շեշտում՝ առաջիկա 4 տարիներին Վանաձորի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի ամբողջ տարածքը կբարեկարգի ու կստեղծի ևս 700 աշխատատեղ։
«Պետությունից խնդրում ենք միայն, որ մեզ չխանգարեն։ Թող սուտ չխոսեն, թող չասեն մենք պատրաստ ենք ձեզ աջակցել, ձեզ օգնել և այլն։ Իրանք անողը չեն։ Թող չասեն, որ մենք այս հույսով սպասենք մինչև իրանք քայլ անեն։ Եթե ես իրա հույսով չմնային, ես Վանաձորի հոանքի խնդիրը չունենայի, այս գործարանը արդեն աշխատում էր։ Ես Հոլանդիայի քաղաքացի եմ, ես ամեն ինչով ապահովված եմ, բայց այսօր եկել եմ, ասում եմ, եթե մենք մեր ազգի համար չանենք, ռուսը, թուրքը, ամերիկացին չի անի մեր համար։ Մենք պիտի անենք մեզ համար», - ընդգծեց գործարարը։