Պետական եկամուտների կոմիտեն երեկ քրեական գործ հարուցեց ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ընկերության։ Ըստ ՊԵԿ-ի՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը 2016-17 թվականների ընթացքում հարկային մարմիններին ներկայացրել է կեղծ տվյալներ ու այդպիսով մի քանի միլիարդ դրամի չափով պակաս հարկ է վճարել բյուջե։
Կոմիտեի քննչական վարչության պետ Էդուարդ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս պահին «Գազպրոմ»-ում ստուգումները դեռ շարունակվում են, վարկածները շատ են, բայց հարկային մարմինն արդեն ունի նախնական պատկերացում, թե ինչպես են կատարվել տվյալ չարաշահումները։
Հարցին, թե ինչի արդյունքում է նման չարաշահում տեղի ունեցել, վարչության պետը պատասխանեց. - «Հաշվապահական հաշվառման սխալ ձևակերպումներ կատարելով, ավել ծախսեր ներկայացնելով հաշվետվություններում, ավելացված արժեքի հարկով ավել հաշվանցումներ կատարելու արդյունքում պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկվել, որոնք, նախնական տվյալներով, կատարված նախնական հաշվարկի շրջանակներում հասնում են մի քանի միլիարդ դրամի։ Ընկերության վերջնական հարկային լրացուցիչ պարտավորությունները դեռևս պիտի ճշգրտվեն՝ ինչպես քրեական գործով ձեռնարկվող դատավարական քննչական գործողությունների արդյունքում, այնպես էլ ստուգողական աշխատանքների արդյունքում։ Ստուգման գործընթացը դեռևս շարունակվում է, նախաքննությունը նոր է սկսվել, քրեական գործը նոր է հարուցվել»։
Այն, որ ՊԵԿ-ն իրենց դեմ քրեական գործ է հարուցել, «Գազպրոմ»-ում իմացել են երեկ՝ կոմիտեի մամլո հաղորդագրությունից։
Սա բարի համբավի արատավորում է, կարծում է «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրենը։ Հրանտ Թադևոսյանը պնդում է՝ հարկային մարմնի բերած հիմնավորումներն անհիմն են, նաև հավելում՝ այսօրվա ասուլիսին հրավիրել էին նաև ՊԵԿ-ի ներկայացուցիչներին՝ ինչո՞ւ չեն եկել։
«Անհիմն են ասում եմ։ Չեմ հերքում՝ անհիմն են, ոնց կարելի ա հերքել։ Ոչ, գոյություն չունի նման բան [չվճարված հարկեր]», - «Ազատության» հարցին արձագանքեց Հրանտ Թադևոսյանը։