Տուսկը նոյեմբերի 25-ին ԵՄ գագաթնաժողով է հրավիրել «Բրեքզիթ»-ի հարցով

ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը և «Բրեքզիթ»-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիեն Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 15-ը նոյեմբերի, 2018թ․

Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը տասն օրից՝ նոյեմբերի 25-ին եվրոպացի առաջնորդների գագաթնաժողով է հրավիրել՝ «Բրեքզիթ»-ի հարցով ձեռք բերված նախնական համաձայնություններն ընդունելու համար:

«Եթե արտասովոր ոչինչ չպատահի, Եվրոպական խորհուրդը վերջնական հավանություն կտա այդ գործարքին», - հայտարարել է Տուսկը այսօր՝ Մեծ Բրիտանիայի կառավարության հետ ամիսներ շարունակված բանակցություններից հետո:

Երեկ ուշ երեկոյան էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էր հայտարարել, թե իր կառավարությունը համաձայնություն է տվել Եվրամիությունից դուրս գալու 585-էջանոց նախագծին, խոստանալով այսօր խորհրդարանում ներկայացնել գործարքի մանրամասները: