Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց 11 քաղաքական ուժ՝ ինը կուսակցություն և երկու դաշինք: Գործող իշխանություն «Իմ քայլը» դաշինքը «Քաղաքացիական պայմանագիր» և Առաքելություն կուսակցությունների միավորումն է:
«Քաղաքացիական պայմանագրի» մամլո խոսնակ Վահան Կոստանյանը իրենց ցուցակը բնութագրեց հեղափոխական:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:
Նախկին իշխանության՝ Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը համարում է, որ իրենց պետք վստահության քվե տան խորհրդարանում ընդդիմության տեղը զբաղեցնելու համար: Կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն էլ, Աճեմյանի խոսքով, անմասն չի մնալու ընտրապայքարին, թեև ցուցակում ընդգրկված չէ:
«Սերժ Սարգսյանը մեր կուսակցության ղեկավարն է և ամբողջ օրը կուսակցությունում է՝ հանդիպումներ, քննարկումներ», - այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է կուսակցության ձևաչափով: Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Դաշնակցության թեկնածուների ցուցակը գլխավորում է Աժ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:
Արթուր Բաղդասարյանն էլ գլխավորելու է «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածուների ցուցակը:
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմասնակցեն «Մենք» դաշինքով: Դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը, նրան հաջորդում է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:
Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է: Նա 2016-ի հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբում էր:
Այս ընտրություններին մասնակցելու են նաև նորաստեղծ «Քաղաքացու որոշում», «Ազգային Առաջընթաց», ինչպես նաև «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները: