Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ավելի քան 10 ռեյտինգային թեկնածու կունենա Լոռու մարզում։ Առաջադրվել են կառավարության մի շարք լոռեցի անդամներ, այդ թվում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփի Դավոյանը, պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը, ինչպես նաև Լոռու մարզպետն ու փոխմարզպետը։
Ռեյտինգային ցուցակով առաջադրված մարզպետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզային պատասխանատու Արամ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ ռեյտինգային ցուցակներով կպայքարեն նաև Լոռու մարզի արվեստագետներ, բժիշկներ և ակտիվ քաղաքացիներ։ - «Բոլորս գնալու ենք նույն մարտավարությամբ՝ ներկայացնելու մեր ծրագիրը, մեր տեսլականը ապագայի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա Հանրապետականը ևս Լոռիում հայտնի դեմքեր կունենա։ Ընտրություններին կմասնակցի յոթ տարի որպես Լոռու մարզպետ պաշտոնավարած, ալավերդցի Արթուր Նալբանդյանը։ Այսօր դեռ կեսօրին նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին»:
Նա 2011 թվականին մարզպետի պաշտոնն ստանձնելուց հետո մինչև այսօր ղեկավարում է կուսակցության մարզային խորհուրդը։ Այսօր իր աշխատավայրում էր, բայց հրաժարվեց հարցազրույցից՝ նշելով, թե դեռ ասելիք չունի։
Մինչև մարզպետ նշանակվելը Նալբանդյանն իր ծննդավայր Ալավերդի քաղաքում երկու անգամ քաղաքապետ է ընտրվել։ Ընդ որում առաջին ընտրապայքարում նրա հիմնական մրցակիցը եղել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով ևս ալավերդցի է և այսօր արդեն նույն կուսակցության ցուցակով Լոռու մարզում Արթուր Նալբանդյանի հետ մասնակցելու է խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային ընտրապայքարին։
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը ևս Լոռիում ռեյտինգային թեկնածու կլինի։ Նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Լոռիում ստացել էր 17 600 քվե։ Վահրամ Բաղդասարյանի ընտանիքը Վանաձորում հայտնի է նաև իր բիզնեսներով։
Լոռեցի հանրապետական մյուս թեկնածուն ծնունդով սպիտակցի, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն է։
2017 թվականին մարզում ավելի քան 44 հազար ձայն ստացած գործարար, հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող, լոռեցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը Լոռիում ռեյտինգային ընտրապայքարին չի մասնակցի: Նա երկու անգամ պատգամավոր է ընտրվել Լոռու մարզից։ 2017-ին ստացել է ավելի քան 6,000 ձայն։ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն ասում է՝ Լոռիում Մարուքյանի ռեյտինգային ընտրապայքարը կխանգարեր կուսակցության համապետական քարոզարշավին։ - «Եթե Էդմոն Մարուքյանը այստեղ ռեյտինգայինով առաջադրվում է, ինքը պետք է այստեղ շատ թիրախային քարոզարշավ իրականացնի, որի պարագայում համապետական քարոզարշավը կտուժի», - մեկնաբանեց Եղիազարյանը:
Լոռիում «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգային ցուցակներում Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը կլինի։ Նրա հետ ընտրապայքարի դուրս կգան խմբակցության ևս 3 անդամներ՝ Արմեն Եղիազարյանը, Անահիտ Կարապետյանն ու Հրանտ Այվազյանը։ Ընդհանուր առմամբ «Լուսավոր Հայաստանը» Լոռիում կունենա ավելի քան 10 թեկնածու, ասաց Արմեն Եղիազարյանը՝ մանրամասնելով․ - «Մեր հիմնական պայքարը պետք է լինի նախորդ իշխանության և նրանց արբանյակ կուսակցությունների հետ, որոնք միշտ եղել են կոալիցիայում և մենք արդեն տեսել ենք, գիտենք այդ ամբողջ պատմությունը»:
Երեկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը ևս առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, Ալավերդի քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ շեշտել էր, որ խիստ վերահսկողություն է լինելու ընտրախախտումների նկատմամբ։ Ցանկացած խախտում պատժվելու է, նշել էր մարզպետը՝ ու հավելել․ - «Այս ընտրությունները տարբերվելու են մնացած բոլոր ընտրություններից իրենց ամեն ինչով»: