Կանանց դեմ բռնության դեպքերի թիվն աճել է

30-ամյա տղամարդը 2 օր առաջ ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը, ով հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:

«Կանանց աջակցման կենտրոնի» անդամ Մարո Մաթոսյանի փոխանցմամբ՝ կանանց դեմ բռնության դեպքերի թիվն աճել է։ Եթե 2010-2015 թվականներին ընտանեկան բռնության հետևանքով գրանցվել էր 15 մահվան դեպք, ապա այս տարվա առաջին 6 ամիսներին արդեն 9 մահ է գրանցվել։

«Ամենախիստ օրենքը նույնիսկ չի կարող արդյունք տալ, եթե մենք չունենք մարնինները, որ կիրառում են օրենքը», - ասում է Մարո Մաթևոսյանը։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակության հիշողությունը կարճ է։ Մարդիկ լսում են նման դեպքերի մասին, զարհուրում, զարմանում և անցնում առաջ՝ առանց հետևություններ անելու։ Պաճառն այն է, որ պետությունը չի նպաստում, որպեսզի հասարակությունը ավելի զգայուն դառնա նման խնդիրների նկատմամբ՝ ասում է իրավապաշտպանը:

«Մենք դարձյալ ականատես ենք դառնում կնասպանության դեպքի, որը գենդերային բռնության դրսևորումներից է և եզակի երևույթ չէ մեր հասարակության մեջ։ Կանայք բռնության են ենթարկվում ոչ միայն տանը, նաև հնարային վայրերում, նաև աշխատավայրերում», - նշում է Զառա Հովհաննիսյանը։

«Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանն է փաստում է՝ բոլորի անտարբերության պատճառով է, որ ընտանեկան բռնության հետևանքով կանայք են մահանում։ Նրա խոսքով՝ անցած տարի ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքի ոչ մի կետ չի պաշտպանում բռնության ենթարկված անձին։

«Ցավոք սրտի, օրենքի ընդունումը ապացուցեց, որ մեր երկրում չկա գիտակցություն՝ ինչ է ընտանեկան բռնությունը առհասարակ, որովհետև ունենք օրենք, որի որևէ մի կետ չի պաշտպանում ընտանեկան բռնության ենթարկված անձի։ Դեպքերը շատ են և միանշանակ կա անտարբերություն ու պատասխանը էսպիսին ա՝ «չեն դիմում, պիտի դիմեն նոր մենք անենք»։ Դիմելու դեպքում էլ մենք պիտի պայքարենք ամիսներ շարունակ, որպեսզի որևէ բաժին ցանկություն ունենա որևէ քայլ անել», - նշում է «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչը։

Օրեր առաջ դաժան ծեծի ենթարկված կնոջ մահվան դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: