«Երրորդ Հանրապետության պատմության մեջ ունենալու ենք լավագույն ընտրությունները»․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այսօր Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց, որ դեկտեմբերի 9-ն կայանալիք ընտրություններում ժողովրդի կամքի խեղաթյուրում չի լինելու։

«Երրորդ Հանրապետության պատմության մեջ ունենալու ենք լավագույն ընտրությունները», - հայտարարեց Փաշինյանը:

Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի ի վերջո ունենանք կատարյալ ընտրական ցուցակներ, քանի որ գրեթե բոլոր ընտրություններում դրանք խնդրահարույց են եղել, վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց՝ ոստիկանություն այս պահին աշխատում է ընտրացուցակների վրա:

«Այո, ընտրական ցուցակների վրա՝ և ՏԻՄ ընտրությունների ժամանակ և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատանք կատարվել է և այսօր էլ կատարվում է», - նշեց Փաշինյանը: - «Այսօր առավոտյան ոստիկանության պետին ինձ զեկուցել է, որ հիմա ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում՝ թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, որովհետև նախկինում պարզվում է, որ մահացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այլ կառույցներից և ուղիղ աշխատանք թաղման բյուրոների հետ չի եղել որպեսզի մենք հենց առաջնային ինֆորմացիային տիրապետում են և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Հարցը հետևյալն է՝ թե արդյոք այս ընտրություններին մենք կունենանք կատարյալ ցուցակներ։ Կատարյալ ցուցակ ասելը չափելի չէ, բայց որ մենք անընդհատ ձգտում ենք կատարելության և այս ուղղությամբ աշխատանք է արվում դա միանշանակ է»։

Ինչ վերաբերում է Հայաստանից բացակայող ընտրողներին, ապա նրանց անունները ցուցակներից հանելու ընտրական մեխանիզմ, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, չկա: Ըստ Փաշինյանի, հետագայում գուցե կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք դա հնարավոր կդարձնեն:

Ի դեպ, վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանի ամբիոնից կրկին զգուշացրեց՝ որևէ քաղաքական ուժ չփորձի ընտրություններում վարչական լծակ կիրառել, որ ուժից էլ նման քայլեր լինեն՝ կտրուկ հակազդեցության են արժանանալու։

Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, որ ժամանակին խոսակցություններ կային, թե «տպվում են նոր անձնագրեր, մի բնակարանի վրա գրանցվում են տարբեր մարդիկ, ընդ որում սեփականատիրոջից անկախ»: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բացառում է, որ նման բան այսօր Հայաստանում տեղի ունենա:

«Բայց ամեն դեպքում զգոնությունը չկորցնելու համար, ես կոչ եմ անում քաղաքացիներին ուշադիր լինեն իրենց բնակարանների վրա գրանցված անձանց ցուցակների և երաշխավորում եմ, որ ովքեր առանց սեփականատիրոջ համաձայնության որևէ մեկին կգրանցեն, կենթարկվեն շատ խիստ պատասխանատվության», - հավելեց վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ - «Ընտրությունների կատարելիության հետ կապված ես ուզում եմ ասել հետևյալը՝ ուրեմն ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ։ Ոչ ոք թող փորձ չանի վարչական լծակ օգտագործելու, որովհետև մենք այդ երևույթի դեմ շատ հստակ պայքարելու ենք և հակազդելու ենք, ընդ որում ասում եմ անկախ նրանից, թե որ թեկնածուն կլինի, որ դաշինքից՝ իշխանական, ընդդիմադիր բացարձակապես կապ չունի և մենք, այո ունենալու ենք, Երրորդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունը»:

Այսօր ըստ էության 6 ֊րդ գումարման Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանն էր: Այն անցավ կիսադատարկ դահլիճում: Փաշինյանին և նրա կառավարությանը հարց տալու համար գրանցվել էր ընդամենը 8 պատգամավոր: