Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Վեհափառը նշել է, որ առկա է որոշակի վստահություն և լավատեսություն, որ ընտրությունները կանցնեն խաղաղ, հանգիստ, համերաշխ մթնոլորտում, քանի որ այդպիսի ընթացք ունեցան և՛ քաղաքապետի, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Մեր մաղթանքն է և մեր աղոթքը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան այդպիսի ընթացքով և նպաստեն ազգային միասնության զորացմանը, մեր ժողովրդի համախումբ ջանքերով մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների լուծմանը», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հետաքրքիր է, որ Հայաստանում այդպիսի ընկալում կա. ընտրություններ և խաղաղություն հասկացությունները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, սկսել են որպես հականիշ ընկալվել, բայց ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այլ կերպ լինել ուղղակի չի կարող, և Հայաստանում ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ: Ընդհանրապես ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք: Սա է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարևորագույն իմաստներից մեկը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։