«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

Պարենային խանութ Երևանում, արխիվ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր որոշել է 20 միլիոն դրամով տուգանել «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը: Տուգանքը կիրառվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես՝ սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար, հաղորդում է հանձնաժողովը:

Հաղորդագրության համաձայն՝ կատարված կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է «Արզնի կաթի» կողմից անբարեխիղճ մրցակցության գործողության փաստը: Ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը՝ այն 100 տոկոսով բուսական ծագման է:

Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթ»-ի ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում:

Այն ամիսների ընթացքում, երբ կատարվել է խախտումը, ընկերության «քաղցրասերուցքային կարագ» կոչվող արտադրանքի 200-գրամանոց մեկ տուփը վաճառվել է 530 դրամով, այն պարագայում, երբ հայկական արտադրության և նույն յուղայնության կարագների մեկ տուփի միջին գինը նույն ժամանակահատվածում կազմել է 900-950 դրամ: Սակայն, հանձնաժողովի կողմից վարույթը հարուցելուց հետո նույն ընկերության պատրաստած կարագի գինը դարձել է արդեն 830 դրամ։

Մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռը ևս բուսական ծագման է:

Մրցակցային մարմինը վարչական վարույթը հարուցել է «Հետք» լրատվամիջոցի՝ «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում» վերնագրով հոդվածի հիման վրա:

Ընկերությունը նախկինում ևս նույն խախտման համար հայտնվել է ՏՄՊՊՀ տեսադաշտում։

Հանձնաժողովը շարունակում է նաև ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերը բացահայտելու ուղղությամբ: