Եթե մեկը նոր Հայաստանում ընտրություններին գնա քրեական հանցագործության, կդատվի որպես «կամիկաձե». Նաիրա Զոհրաբյան

Եթե մեկը կլինի այդքան «կամիկաձե», որ այս նոր Հայաստանում, նոր իրավիճակում ընտրություններին կգնա քրեական հանցագործության, կդատվի որպես «կամիկաձե», այսօր Ազգային ժողովում «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այո՛, ես ինքս էլ ունեմ նման տեղեկատվություն, որ որոշ, հատկապես ռեյտինգային թեկնածուներ հեռավոր ընտրական տեղամասերում, հեռավոր գյուղերում փորձելու են կիրառել այն, ինչ իրենք արել են նախորդ ընտրությունների ժամանակ։ Օգտվելով նրանից, որ իրենց բարեկամն է այդ հանձնաժողովի անդամը, իրենց հարազատն է վստահված անձը, իրենք հանցավոր համաձայնության են փորձելու գալ», - ասաց Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Ես վստահ եմ, որ մեր կուսակցության պահով նման բան չի լինելու, որովհետև Գագիկ Ծառուկյանը հստակ դրել է այդ խնդիրը՝ եթե մեր ռեյտինգային թեկնածուներից մեկը համարձակվի օգտվելով նրանից, որ տվյալ տեղամասում իր մերձավորն է հանձնաժողովի անդամը, կամ վստահված անձը, հանցավոր համաձայնության գա մնացած կուսակցությունների հանձնաժողովների անդամների հետ՝ վերցնել քվեարկածը, դնել այլ թեկնածուի վրա, իրենց աչքի առաջ պետք է գա Քրեական օրենսգիրքը»։

Զոհրաբյանը նշեց՝ «սամասուդների» (ռուսերեն՝ ինքնադատաստան) մասին չի կարող խոսք լինել, օրենքի առջև են կանգնելու պատասխանատվության։

Այսօր ժամը 18-ին լրանում է ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։