Իսրայելի և «Համաս»-ի միջև զինադադար է կնքվել․ կողմերը տարբեր կերպ են ընդունում այն

Գազայի հատված - Իսրայելական օդուժի հարվածների հետևանքները Խան Յունիս քաղաքում, 12-ը նոյեմբերի, 2018թ․

Երեկ երեկոյան, երբ հաղորդվեց, որ Իսրայելի և Գազայի գոտում գործող «Համաս» խմբավորման միջև մոտ 48 ժամ տևած ռազմական գործողություններից հետո զինադադար է կնքվել՝ Եգիպտոսի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ, հակամարտող կողմերը տարբեր կերպ այն ընդունեցին։

Ըստ պաղեստինյան լրատվամիջոցների` «Համաս»-ը տոնում է իր հաղթանակը, ու Գազայի փողոցներում մեքենաներով երթ էր անցկացվում։

Իսրայելում ոչ ոք հաղթելու կամ պարտվելու մասին չի խոսում։ Երեկ մինչև ուշ գիշեր պարբերաբար Գազայի գոտուց հրթիռակոծությունների թիրախում հայտնված Սդերոտ քաղաքի բնակիչները դուրս էին եկել չարտոնված բողոքի ցույցի և մեքենաների անվադողեր էին այրում փողոցներում, փակում փողոցները՝ ի նշան Իսրայելի կառավարության որոշման դեմ բողոքի։

Իսրայելական «Քան 11» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սդերոտ քաղաքի բնակիչ Էլիրան Ջերբին, խոսելով բողոքի ակցիայի մասին, խստորեն քննադատել էր Բենյամին Նեթանյահուի կառավարությանը՝ կոչ անելով նրան իր նախարարների հետ տեղափոխվել Սդերոտ ու ապրել գրեթե ամեն օր հրթիռակոծվող այդ քաղաքում։

Հակամարտությունը վերսկսվեց նոյեմբերի 11-ին, երբ հրեական կոմանդոսների մի խումբ ներթափանցել էր Խան Յունիս քաղաք՝ հետախուզական տվյալներ ձեռք բերելու, և սպանել «Համաս»-ի տեղի դաշտային հրամանատարներից մեկին: Փոխհրաձգության արդյունքում սպանվել է ևս վեց զինյալ ու մեկ հրեա գնդապետ։

Ի պատասխան այս հարձակման՝ Գազայի գոտուց սկսվեցին Իսրայելի հարավային քաղաքների, գյուղերի և ավանների հրթիռակոծությունները։ Իսրայելի խաղաղ բնակավայրերի վրա երկու օրվա ընթացքում արձակվեց 460 հրթիռ, որից 102-ը ոչնչացվեց «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերի շնորհիվ։

Պաղեստինցիները տեղեկացնում են 21 սպանվածի մասին, վիրավորների թիվը դեռ ճշտվում է։

Պաղեստինյան աղբյուրների հաղորդմամբ՝ նաև ավելի քան 80 շենք է վնասվել կամ փլվել իսրայելական օդուժի հարվածների հետևանքով։ Իսրայելական կողմում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ և մեկ զինվորական, վիրավորվել է ավելի քան 100 մարդ։

Այս կարճատև հակամարտության արդյունքում հայերի շրջանում տուժածներ չկան։ «Ազատության» հետ զրույցում հարավային ամենահայաշատ Բեեր Շևա քաղաքի հայկական համայնքի ղեկավար Լևոն Սուքիասյանը փոխանցեց, որ իրավիճակը քաղաքում հանգիստ է, մարդիկ արդեն ընտելացել են և նման դեպքերում խուճապի չեն մատնվում։