Լոռու մարզպետը զգուշացնում է, որ ցանկացած ընտրախախտում պատժվելու է

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկություններ ունի, որ Ալավերդու որոշ հիմնարկներ աստիճանաբար վերածվում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբերի։

«Սոցիալական ծառայությունը Ալավերդու և էլցանցը էս պահի դրությամբ ինֆորմացիա կա, որ կամաց-կամաց վեր ա աշվում ՀՀԿ-ի շտաբի», - այսօր Ալավերդի քաղաքում համայնքապետերի հետ հանդիպմանը հայտարարեց մարզպետը։

Հանրապետական կուսակցության տարածքային, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակով Լոռու մարզում մինչև վաղը, հավանաբար, կառաջադրվի նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նա այսօր «Ազատությանը» նախ ասաց, որ կառաջադրվի, հետո թե՝ դեռ մտածելու ժամանակ ունի։

Իսկ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մեղադրանքները Ալավերդու հիմնարկները կուսակցական շտաբի վերածելու մասին, հերքեց։

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ալավերդու մասնաճյուղի տնօրենը Լոռիում 7 տարի որպես մարզպետ պաշտոնավարած Արթուր Նալբանդյանի մտերիմ ընկերն է։

Լոռու գործող մարզպետը, ով ևս պատրաստվում է ընտրապայքարի «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով, այսօր խիստ պահանջ ներկայացրեց համայնքապետերին, դպրոցների և առողջապահական հիմնարկների տնօրեններին չկիրառել որևէ վարչական ռեսուրս՝ անգամ հոգուտ իրեն․ - «Չլինի մի դեպք վարչական ռեսուրսի կիրառման: Նույնիսկ մեր քաղաքական ուժի օգտին: Եթե եղավ՝ դա պատժվելու ա օրենքի սահմաններում: Էլ չեմ ասում ընտրակաշառք, կաշառքի խոստում․․․ նույնիսկ խոստումներ չլինի: Ուղղակի դուք ձեր գործառույթները անում եք, ոչ մի բանի չեք խառնվում: Աշխատանքի վայրում աշխատանքի ժամին որևէ քարոզ, որևէ պարտադրանք աշխատակիցներին բացառվի ուղղակի»:

Նախկին «նախընտրական սովորույթներից» ձերբազատվելու, ընտրություններին չներգրավվելու, չքարոզելու, անգամ դպրոցների ու համայնքապետարանների դահլիճները նախընտրական քարոզչության նպատակով չտրամադրելու մարզպետի պահանջներից հետո Հանրապետական կուսակցության անդամ որոշ համայնքապետեր «Ազատությանն» ասում էին, թե դեռ չեն կողմնորոշվել՝ իրենց կուսակցությա՞ն, թե՞ իշխանությունների օգտին կաշխատեն։

Մեկուկես տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Լոռու մարզի մոտ 240 հազար ընտրող ունեցող թիվ 9 ընտրատարածքում ամենաշատ թվով ձայներ ստացել էր մոսկվաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ հանրապետական Կարեն Կարապետյանը։ Նա այս անգամ հայտարարել է, որ չի առաջադրվելու։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընտրություններին չմիջամտելու պահանջ ներկայացրեց նաև դպրոցների և առողջապահական հիմնարկների տնօրեններին․ - «Դպրոցից հեռու․․․․ Դուք դպրոցի տնօրեն եք և որևէ պարտավորվածություն չունեք այլ գործառույթներ իրականացնելու»:

Տնօրեններից ոմանք նշում էին, որ հրաժարվել են Հանրապետական կուսակցության անդամությունից, մյուսները շեշտում էին, որ շարունակում են ՀՀԿ-ի «կարկառուն» անդամ լինել:

«Ես կարկառուն հանրապետականներից եմ», - ասաց նրանցից մեկը: - «Մեր կուսակցության անդամները շատ խելացի են, սկզբունքային են: Ես ոչ մի անգամ [ընտրությունների ժամանակ] կուսակցության համար չեմ աշխատել»: