Ազգային ժողովում քննարկվում է 2019-ի բյուջեի նախագիծը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 13-ը նոյեմբերի, 2018թ․

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այսօր ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, բյուջեի նախագիծը որակեց իներցիոն, որը հիմնված է ժառանգություն ստացած չափանիշների վրա:

Բյուջետային քաղաքականությունը վարչապետի պաշտոնակատարը համարում է աշխատանքի խրախուսումը:

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ դա լինի ներառող։ Սա նշանակում է, որ մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն։ Խոսքը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրական հնարավորությունների մասին է, և մենք այսօր, ըստ էության, համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս չկան մենաշնորհներ, Հայաստանի Հանրապետությունում չկան տնտեսական գործունեության սահմանափակումներ, Հայաստանի Հանրապետությունում չկան ներմուծման և արտահանման արգելքներ։ Ըստ էության, սրանով քաղաքական նախապայմանները և տնտեսական նախապայմանների մասը ապահովված է»։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև իր հասցեին հնչող քննադատությանը, թե ինքը քաղաքացիներին մեղադրում է ծուլության մեջ: Նա հստակեցրեց, որ մեղադրանքի թիրախը նախկին քաղաքական համակարգն է, որը աշխատանքի փոխարեն խրախուսել է աղքատությունը:

«Վարչապետը գյուղացուն խորհուրդ ա տալիս ոչխար պահի։ Բա ի՞նչ պետք է աներ այդ տրամաբանությամբ վարչապետը։ Պետք է ասեր՝ գնա, այ ախպեր ջան, ձեր մարզի դեպուտատի դռան դեմ վիզդ ծուռ կանգնի առավորից իրիկուն, դուրս կգա մի օր 5000 դրամ կտա, մի օր 1000 դրամ կտա, մի օր 3000 դրամ կտա։ Այ սա էն ա, ինչին փորձ են արել երկար ժամանակ ոչ թե սովորեցնել, այլ պայմաններ ստեղծել, որ մարդը ուրիշ հնարավորություն չունենա։ Մենք ասում ենք, որ պետք է տալ այդ օգնությունը հասցեական՝ թոշակառուին, անաշխատունակ մարդուն, երեխաին, որպեսզիմ մենք իսկապես օգնենք այդ ընտանիքին», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Կառավարությունը նախատեսում է միկրոբիզնեսը ազատել բոլոր տեսակի հարկերից: Բացի այդ, եկամտահարկի փոփոխության արդյունքում, Փաշինյանի փոխանցմամբ, մոտ 50 միլիարդ դրամ չի հավաքագրվելու, ինչը կարելի է գնահատել որպես ներարկում տնտեսության մեջ: Կառավարությունն առաջարկում է նաև մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից։

«Եթե սա դնենք չոր աշխատավարձերի տրամաբանության մեջ, կստացվի, որ Երևանում մենք այդ մարդկանց աշխատավարձը ամիսը ավելացնում ենք 12 հազար դրամ, մարզերում ավելացնում ենք 8 հազար դրամ։ Շատ է քննարկվում, ասում են՝ ոնց, պետական բյուջեում աշխատավարձերի բարձրացում չկա։ Մարդկանց եկամտահարկը, երբ որ 13 կամ 5 տոկոսով նվազում է, դա նշանակում է այդքանով, համապատասխանաբար, իրենց աշխատավարձը ավեալնում է», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Խորհրդարանը նոյեմբերի 1-ին լուծարվել է, սակայն, շարունակելու է աշխատանքները, մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: