«Սասնա ծռերի» ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը

Ժիրայր Սեֆիլյանը (Ձ) և Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Երկրորդ տեղում կլինի հայտնի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով վստահ է, որ և՛ ինքը, և՛ «Սասնա ծռերը» անելիք ունեն նոր խորհրդարանում։

«Ինձ համար կարևոր է այն հայտնի հայտարարությունը «Սասնա ծռերի», հուլիս ամսվա, երբ որ իրանք ասեցին, որ հրաժարվում են բռնությունից, որպես մեթոդ քաղաքական հարցերը լուծելու, էջը փակված է», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Գրիգորյանը:

2016-ին թվականին զենքով ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված անձանց և այլոց միավորող կուսակցությունը, Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, կստանա բավարար թվով ձայներ խորհրդարան գնալու համար:

Իսկ երկու տարով առաջ զինված գործողություններ կատարելը բնավ բացասական չի ազդում «Սասնա ծռերի» իմիջի վրա, վստահ է Սեֆիլյանը․ - «Տղաները, որոնք ապստամբության համար զենք են բարձրացրել, և այդ պատճառով մեր ժողովրդի մի մասը լավ կարծիքի չի, ես այդ կարծիքին չեմ: Ես կարծում եմ, որ հակառակը՝ մեր ժողովրդի զգալի մասը հենց այդ պատճառով մեր տղաներին հարգում, սիրում է, որովհետև բոլորս գիտենք, որ այդ տղաները այդ քայլը չէին կատարել իրենց անձնական նպատակներով, այլ կատարել էին մեր երկրի և մեր ժողովրդի համար: Ուստի այդ մտահոգությունը մենք չունենք: Բնականաբար, ինչպես պարոն Գրիգորյանը ասեց, այդ էջը փակված է»:

«Սասնա ծռերի» հետ խորհրդարան գնալու հայտ ներկայացրած Ստեփան Գրգիոյանի կարծիքով, այս կուսակցությունը կարող է լուրջ հակաշիռ դառնալ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար կարող է վտանգավոր լինել միատարր խորհրդարան ունենալը՝ վստահություն հայտնելով, որ այս հանգամանքը ընտրողները հաշվի կառնեն․ - «Ազգային ժողովում պետք է լինի շատ ուժեղ մյուս բևեռ, ուժեղ հակաշիռ հենց Նիկոլ Փաշինյանի համար: Երբ որ դու ունես ասելիք, դու կառավարության հետ համագործակցում ես, դու դիտողություն ես անում, երբ որ կառավարությունը սխալ է անում»:

Սեֆիլյանը հավելեց․ - «Գիտակցելով, որ եթե զսպող ուժ օր առաջ չձևավորվի մեր երկրում, ապա իշխող ուժի սխալները կլինեն շատ ավելին»:

«Սասնա ծռեր» կուսակցությունը պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակը կհրապարկեն վաղը, իսկ մինչ այդ նախկինում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ մեղադրված Սեֆիլյանը հայտնում է, ցուցակում ոչ միայն «Սասնա ծռերի» անդամներ են, այլև հրավիրված շատ այլ անձինք։

Ստեփան Գրիգորյանն ասաց․ - «Այո՛, մենք կուսակցություն ենք, կուսակցության ցուցակով ենք գնում, բայց էդ կուսակցությունը համահայկական կուսակցություն է: Մենք ամբողջ ներուժը ազգի պետք է ներգրավենք»:

Մրցակիցների կապակցությամբ «Սասնա ծռերը» հույս ունի, որ նախկինում ՀՀԿ-ի հետ համագործակված ուժերը խորհրդարանում չեն լինի, ինչպես օրինակ Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը», իսկ հեղափոխությունից հետո նորից քաղաքական հայտ ներկայացրած Հանրապետականի մասին շատ ավելի կոշտ են արտահայտվում:

Սեֆիլյանն ասաց․ - «Եթե մեզ լսեր պարոն Փաշինյանը, Հանրապետական շուտվանից կասեցված պետք է լիներ: Այդ կազմակերպությունը հանցագործ կազմակերպություն է, այդ կազմակերպության ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ: Ես համոզված եմ, որ ուշ թե շուտ այդ օրը գալու է, և այդ ուղղությամբ մենք հատուկ աշխատանք ենք տանելու: Չեղավ այդպես․․․ Բացի դրանից, մենք այլ մարտավարական ուղղություններ ենք պատկերացրել փոփոխությունների, պարոն Փաշինյանը՝ այլ»:

Ինքը ազատամարտիկ, նախկինում իր հայացքների համար մի քանի անգամ ազատազրկված Սեֆիլյանը «Սասնա ծռերի» ցուցակում չի լինի. Հայաստանի հանարպետության անձնագիր նա դեռ չունի, սպասում է, որ շուտով կստանա։