Իսրայելի բանակն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում, որտեղից պաղեստինցիները հարյուրավոր հրթիռներ են արձակել հրեական բնակավայրերի ուղղությամբ: Զոհվել է երեք պաղեստինցի: «Համաս» զինյալ շարժումը սպառնացել է ավելացնել հրթիռակոծությունները:
Հրեաների շրջանում կա առնվազն 13 վիրավոր: Մեկ իսրայելցի զոհվել է: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհատել է Փարիզ կատարած ուղևորությունը և վերադարձել է հայրենիք:
Նա հայտարարել է, որ Իսրայելն առավելագույն ուժով կպատասխանի պաղեստինցիների գործողություններին: Եգիպտոսն ու ՄԱԿ-ը փորձում են միջնորդել հրադադար հաստատելու հարցում:
«Հարավային Իսրայելը գրոհի է ենթարկվել: Անցած 24 ժամում 400 ականներ և հրթիռներ են արձակվել մեր տարածքի վրա: «Համաս»-ը թիրախավորում է խաղաղ բնակիչներին, սա անընդունելի է: Մեր օդուժը կպատասխանի ամենահուժկու հարվածներով», - ասել է Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմանուել Նախշոնը:
Իսրայելցիների փոխանցմամբ, սա ամենաթեժ բախումն է 2014 թվականից հետո: Առճակատումը սրվել է այն բանից հետո, երբ իսրայելական հատուկ ուժերը հարված են հասցրել «Համաս» զինյալ խմբավորման հեռուստակենտրոնին: