«Կհավաքենք այնքան տոկոս, որքան ժողովուրդը կորոշի». Տիգրան Ավինյան

«Ազգային ժողովի նոր ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած Ազգային ժողով», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ով նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ավինյանը նշեց՝ ընտրությունների արդյունքները պետք է որոշի ժողովուրդը։

«Եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է հավաքենք 85 տոկոս, մենք կհավաքենք 85 տոկոս, եթե այդպես չորոշի, կհավաքենք այնքան, որքան որոշի», - ասաց Ավինյանը՝ շարունակելով. - «Ես այնուամենայնիվ կուզենայի նշել, որ մեր ընտրական ցուցակը լինելու է բավականին բազմազան և ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, ներգրավված են լինելու տարբեր ոլորտներից մասնագետներ, և ես համոզված եմ, որ Ազգային ժողովի նոր գալիք ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած Ազգային ժողով»։

Նշենք, որ վաղը ժամը 18։00-ին լրանում է կուսակցությունների և դաշինքների առաջադրման վերջնաժամկետը։ Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։