«Միկրոբիզնեսն ազատված կլինի բոլոր հարկերից». Նիկոլ Փաշինյան

«Մենք մեր գործունեության հիմքում դնում ենք աշխատանքի խրախուսման քաղաքականությունը», - այսօր Ազգային ժողովում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց՝ երկրում չեն կարող տեղի ունենալ դրական փոփոխություններ, եթե այդ փոփոխությունների հիմքում ընկած չէ անհատական ջանքը։

«Մեր քաղաքական խնդիրն է՝ յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրական հնարավորությունների մասին է», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Մենք համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման և արտահանման արգելքներ, և ուրեմն առաջիկա շրջանում մեզ համար կարևորագույն խնդիրը լինելու է հենց տնտեսական նախապայմանների և պայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունեության ցանկացած ձև լինի մատչելի բոլորի համար դե յուրե և հնարավորինս շատ մեծ թվով մարդկանց համար դե ֆակտո»։

Աշխատանքի խրախուսման խնդրից ելնելով, ըստ Փաշինյանի, որոշել են սահմանել միկրոբիզնես, որն ազատված կլինի բոլոր հարկերից։

«Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-ից 24 միլիոն, դեռ քաղաքական քննարկումների մեջ է, մինիմում շեմը 20 միլիոն կլինի, մաքսիմումը՝ 24 միլիոն, այստեղ դեռ աշխատանքների և քննարկումների փուլ է, այդ մարդիկ չեն վճարի ոչ մի հարկ։ Իհարկե որոշակի սահմանափակումներ կլինեն՝ կապված ոլորտների հետ, և կլինի նաև գոտիականության խնդիր։ Մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը», - ասաց Փաշինյանն ընդգծելով՝ ընտրություններից առաջ, օրինակ, ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ բացում են արժանապատիվ աշխատելու հնարավորությունը։

«Որ դուք արժանապատիվ աշխատանքի միջոցով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի հացը, ձեր ընտանիքի բարեկեցությունը», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ միկրոբիզնեսում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի։

«Միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև երեք աշխատող ունենալու պարագայում նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ գործի, այսինքն՝ նրանք ոչ թե կհարկվեն աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ նրանք ուղղակի 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը, այսինքն՝ առավել շահավետ պայմաններ ունենալ», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանի ելույթը 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ կարող եք դիտել այստեղ.