«Հավատում եմ, որ կանանց-մայրերի հավաքական ձայնը կազդի կրակի հրաման տվող տղամարդկանց որոշման վրա». Աննա Հակոբյան

«Ես հավատում եմ, որ կանանց-մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց և կազդի նրանց որոշման վրա», - երեկ Մոսկվայում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։

Ըստ Աննա Հակոբյանի խոսնակ Արփինե Զարգարյանի ֆեյսբուքյան էջի, վարչապետի պաշտոնակատարի տիկինը Մոսկվա է ժամանել Փարիզից։ Երկօրյա այցի մեկնարկը տրվել է Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշով, որին հրավիրված են եղել Հայաստանում հավատարմագրված այն կին դեսպանները, ինչպես նաև դեսպանների կանայք, որոնց նստավայրը Մոսկվայում է, ինչպես նաև տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ:

Հանդիպման հիմնական նպատակը, ծանոթանալուց զատ, հյուրերին վարչապետի տիկնոջ կարգավիճակում իր ծավալած գործունեությունը ներկայացնելն է։ Նա մասնավորապես խոսել է իր գործունեության երեք ուղղությունների մասին՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամից, որը ստեղծվել է մանկական քաղցկեղով երեխաների բուժմանն աջակցելու նպատակով, «Իմ քայլը» հիմնադրամից, որի նպատակը Հայաստանում առողջ, ներառական հասարակության կառուցմանն աջակցելն է, և «Կանայք հանուն խաղաղության» արշավից:

«Ես առաջարկում եմ, որ բոլոր կանայք, որոնց համար թանկ է թեկուզ մեկ երիտասարդի կյանքը, համախմբվեն և որպես կին ու մայր կոչ անեն հակամարտությունները լուծելու ճանապարհին զերծ մնալ զենքի և ուժի կիրառումից և օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության դեպքում, հարցի կարգավորումը փնտրել բանակցությունների սեղանի շուրջ: Մեր այդ քայլով մենք կարող ենք փրկել հարյուրավոր ուրիշ, թեկուզ մեզ անծանոթ մայրերի երեխաների կյանքեր: Ես հավատում եմ, որ կանանց-մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց և կազդի նրանց որոշման վրա», - ասել է Աննա Հակոբյանը՝ խոսելով «Կանայք հանուն խաղաղության» արշավից։

Նա ներկաներին պատմել է արշավի շրջանակներում այս տարվա հոկտեմբերին ռուսաստանցի մի խումբ ականավոր մտավորականների Հայաստան և Արցախ կատարած այցի մասին՝ ընդգծելով, որ այս արշավի հիմքում քաղաքական ենթատեքստ չկա։

Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ այս այցը հիմք կդառնա կարևոր համագործակցության: