Ազգային ժողովում քննարկվում է 2019-ի պետբյուջեի նախագիծը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։ Նիստի օրակարգում է նաև Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

«Ինչի՞ վրա է հիմնված եղել 2019 թվականի բյուջեի նախագծի կազմման գործընթացը՝ ակնհայտ է, որ առաջնային նշանակություն ունի տնտեսական միջավայրը և կանխատեսվող տնտեսական իրադարձությունները գալիք ժամանակահատվածի համար, իսկ դա իրականացվում է՝ տվյալ դեպքում նկատի ունեմ կանխատեսումը, իրականացվում է առկա վիճակագրության և այն մեթոդաբանության հիման վրա, ինչն առկա է, և, ըստ էության, մեր երկրի դեպքում գնահատվում է որպես այսօրվա լավագույն պրակտիկային համահունչ մեթոդաբանություն, և, ըստ էության, վիճակագրությունը, որը մենք կուտակել ենք նախորդ տարիներին, ունի որոշակի առանձնահատկություն, որը չէր կարող հաշվի չառնվել», - հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ շարունակելով. - «Բնական է նաև այն, որ կառավարության ծրագիրը, որը հաստատվեց 2018 թվականի մայիսին, ուներ ավելի հավակնոտ նպատակադրումներ, և հիմա էլ շարունակում է կառավարությունը մտադրությունները պահպանել, բայց ձեզ ներկայացված նախագիծը չէր կարող չարտահայտել այն, ինչ որ նախկինում տեղի էր ունեցել մեր երկրում, և այդ զարգացումների արտացոլումն է ըստ էության տեղ գտել պետական բյուջեի նախագծում, այլ կերպ ասած՝ հաշվի չեն առնված տնտեսական քաղաքականության ընթացքում գտնվող քննարկումների արդյունքները, սակայն, ինչպես հայտնի է, կառավարությունն ունի բավարար չափով լիազորություններ՝ հետագայում անհրաժեշտության դեպքում բյուջեի հաստատումից հետո նույնիսկ ճշգրտումներ կատարել բյուջեի մեջ, բացի այդ՝ նաև չեղարկված չէ այն ինստիտուտը, ըստ որի կառավարությունը կարող է հանդես գալ նաև օրենսդրական նախաձեռնությամբ և Ազգային ժողովին առաջարկել նոր օրենսդրական կարգավորումներ»։

Սեպտեմբերի վերջին կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին և ուղարկեց Ազգային ժողով՝ քննարկման։