Տոնոյան․ Կործանիչների ընտրությունն արվել է

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանի օդուժի համար նոր կործանիչների ընտրությունն արվել է:

Ռազմական գերատեսչության ղեկավարը չհստակեցրեց, թե որ երկրից է Հաայստանը գնելու կործանիչներ՝ չհերքելով, որ քննարկվել է երկու տարբերակ ռուսական Су-30СМ և շվեդական JAS-39 Gripen․ - «Այսպես կարող եմ ասել՝ ընտրությունը արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսատեխնիկական խնդիրներ»:

Հունիսին մոսկովյան Коммерсант պարբերականը գրեց, թե Մոսկվան մտադիր է Երևանի վաճառել առնվազն մեկ էսկադրլիա Су-30СМ կործանիչներ, որոնց ձեռք բերման պայմանագիրը Հայաստանն ու Ռուսաստանը կնքել էին դեռ 2012 թվականին

Հոկտեմբերի վերջին լրտվամիջոցները գրեցին, թե Շվեդիան Հայաստանին առաջարկել է գնել JAS-39 Gripen կործանիչներ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկու տեղեկություններ էլ չհերքեց:

«Եկեք չկենտրոնանանք ՀՀ պաշտպանության նախարարությանը ներկայացվող որևիցե առաջարկությանը որևիցե զինատեսակի վերաբերյալ: Ինչպես ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ նշելու, բոլոր ստացվող առաջարկությունները ուսումնասիրվում են և համապատասխան գնի, որակի և մատակարարման ժամկետների, որոշումներ են կայացվում: Որևիցե որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա: Առկա է այլ առաջարկ, այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է և շատ մոտ ժամանակ որոշում է կայացվելու ձեռք բերումների հետ կապված: Նորից կրկնում եմ՝ դա կապված է և՛ մատակարարման ժամկետների հետ, որովհետև մենք շատ մեծ ժամանակ չունենք թարմացնելու մեր ավիապարկը, ոչ կա անգամ մոտիկ համեմատություն գնի և որակի»:

Թե որն է այլ առաջարկը, Դավիթ Տոնոյանն այսօր, ըստ էության, հաստատեց՝ խոսքը Су-30СМ-ների մասին է․ - «Հնարավոր է, որ Су-30-ների մասին է»:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ Նախիջևանի ուղղությամբ հայկական ու ադրբեջանական դիրքերի փոփոխության թեմային․ - «Ես, որպես Պաշտպանության նախարար, հայտարարում եմ պաշտոնապես, որ նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն ազատագրել: Եվ դրանում դուք կամ ձեր գործընկերները մի քանի այցելությունների ժամանակ հնարավորություն ունեցել են համոզվելու: Դա եղել է մինչդիրքային տարածություն, որը որ կրճատվել է, ընդ որում՝ Նախիջևանի հանրապետության տարածքում, որտեղ որ երբևիցե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել: Հաշվի առնելով այդ առաջխաղացումը՝ մենք դիմել ենք որոշակի միջոցների, որպեսզի չեզոքացնենք հնարավոր առավելությունները,որը կարող էին առաջանալ էդպիսի տեղաշարժումներից: Այդ գործողությունները հաջող կատարվել են»:

Դավիթ Տոնոյանը խոսեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ - «Բոլորիս ուղղակի խորհուրդ եմ տալիս սպասել դեկտեմբերի 6-ին: Որովհետև քննարկումներ են եղել նեղ ֆորմատով, որի վերաբերյալ տեղեկությունները հասանելի չեն, այդ նեղ ֆորմատով որոշում է կայացվել դեկտեմբերի 6-ին անդրադառնալ գլխավոր քարտուղարի ընտրություններին: Դրա համար ես հիմա էս փուլում, իսկ դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ը կոնսենսուսային որոշումներով գործող կազմակերպություն է, ես կխուսափեի հիմա որևիցե գնահատական տալ»: