Բելառուսի նախագահը հայտարարում է՝ ոչ թե մեկ, այլ երեք թեկնածու ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, վերստին հիշեցնելով, որ ռոտացիոն կարգով կազմակերպության հաջորդ ղեկավարը պետք է լինի Բելառուսից: Ընդ որում, այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևի հետ հանդիպման ժամանակ, թեև Բաքուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի անդամակցում:
«Ըստ այբբենական կարգի, հաջորդը ցուցակով Բելառուսն է, այդ իսկ պատճառով, մենք պետք է պատրաստ լինենք առաջադրել մեր թեկնածուին», - ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ ինքը երեք տարբերակ ունի:
Անդրադառնալով անցած շաբաթ այս հարցի շուրջ Աստանայում տեղի ունեցած քննարկումներին՝ Լուկաշենկոն պնդել է, թե լրատվամիջոցների որոշ հրապարակումներ ու ենթադրություններ իրեն զարմացրել են:
Ռուսական մամուլը, մասնավորապես՝ «Կոմերսանտ»-ը, գրել էր, թե ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրների առաջնորդները միայն գլխավոր քարտուղարի նշանակման հարցն են քննարկել և ժամեր շարունակված այդ բանավեճերից հետո այդպես էլ չեն կարողացել որոշում կայացնել, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին կամ Ռուսաստանին զիջելու տարբերակները:
Բելառուսի նախագահը, մինչդեռ, այսօր հանդիպելով Ադրբեջանի դեսպանի հետ, հավաստիացրել է, թե այս հարցը ամենևին առաջնային ու գերակա չի եղել իրենց համար: «Այո, մենք քննարկել ենք, սակայն քննարկումները տևել են երևի մի 15 րոպե», - ասել է Լուկաշենկոն՝ միաժամանակ ընդունելով, որ թեկնածության հարցում հնչել են հակադիր կարծիքներ:
«Բնականաբար, տարբերակները շատ էին: Սակայն սա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանի շահերը, սա չի նշանակում, որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սեփական կառավարությունում պարզի հարցը, քանի որ այժմ Հայաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Սա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այսպիսի անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը կդիմանա այդ ծանրությանը», - հարց է հնչեցրել Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ Փաշինյանը պետք է քննարկի այս հարցը սեփական կաբինետի հետ և որոշման մասին ՀԱՊԿ դաշնակիցներին հայտնի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովում:
Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբարևը նշել էր․ - «Իհարկե, Հայաստանը ուզում է, որ իր ներկայացուցիչը շարունակի ղեկավարել ՀԱՊԿ քարտուղարությունը: Բոլոր երկրների ղեկավարները, սակայն, գագաթնաժողովի ժամանակ ասացին, որ մեկ տարի է մնացել, և այդ ժամկետում նոր գլխավոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ այցելել կազմակերպության անդամ երկրներ: Այդ պատճառով, մեզ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար՝ Բելառուսի ներկայացուցիչը»:
Կազմակերպության ու Հայաստանի համար այս զգայուն հարցի մանրամասները ներկայացնելով Բելառուսում Ադրբեջանի դեսպանին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է՝ Ադրբեջանի և Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան: - «Մեր պայմանավորվածությունները նախագահ Իլհամ Ալիևի հետ մեզ համար սրբություն են»,-պնդել է Բելառուսի նախագահը: - «Բառացիորեն, մեկ շաբաթից Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Հեյդարովիչը, կգա Բելառուս: Մենք քննարկելիք թեմաներ ունենք, մի շարք հարցեր, թեև պետք է ասեմ, որ մեր հարաբերությունների հիմքը շատ ամուր է: Այս տարվա ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունը երևի մի երեք անգամ ավելացրել ենք, այդպիսի աճ որևէ այլ երկրի հետ հազիվ թե ունենանք: Դուք պետք է իմանաք, որ մենք բարեկամներ ենք, Բելառուսը միշտ պատրաստ է Ադրբեջանին ընդառաջ գնալ»:
Հավատարմություն հայտնելով Ադրբեջանին ու երկրի նախագահին՝ նախագահ Լուկաշենկոն այդպես էլ չի հստակեցրել՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, և հատկապես որ հարցում է Մինսկը խոստացել Իլհամ Ալիևին աջակցել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից, մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով:
Ըստ կազմակերպության կանոնադրության, գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարով, և Հայաստանի ներկայացուցչը ըստ էության պետք է պաշտոնավարի մինչև 2020 թվականը: Մյուս կողմից, կանոնադրությունը չի հստակեցնում՝ ինչպես է այս հարցը կարգավորվում գլխավոր քարտուղարին վաղաժամ պաշտոնանկ անելու դեպքում: