Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին այսօր ՀՀԿ ընդլայնված կազմով խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Որոշումը կայացված է մասնակցելու արտահերթ ընտրություներին։ Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ և կարծում ենք, որ ունենք դրա հնարավորությունը՝ մեր ռեսուրսը, գիտելիքն ու փորձը դա թույլ են տալիս, գումարած դրան մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի այդ կարգավիճակը լիարժեք օգտագործել՝ ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար», - հայտարարեց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ինքն էլ գլխավորելու է ՀՀԿ ցուցակը։
Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենց թիմը քաղաքական թիմ է բավականին ամուր և կարող է դիմակայել նաև բարդ զարգացումներին և իրավիճակներին։
«Այն վարչապետը, որին հրապարակում հավաքված մեր քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու և որին Ազգային ժողովը տվեց այդպիսի հնարավորություն, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որը ստանձնել է։ Ինքն ունի ապացուցելու բան, ինքն ունի աշխատանք կատարելու, և մենք պատրաստ ենք, որպես ընդդիմություն ապագա խորհրդարանում հավասարակշռել դա՝ պարտադրելով, որ խոստումները, որոնք տրվում են ժողովրդին, լիարժեք կատարվեն։ Դա է մեր նպատակը, և մենք գնում ենք, ժողովրդից քվե խնդրելու ոչ թե իշխանություն լինելու, ոչ թե լծակներ ունենալու, ոչ թե արտոնություններ ունենալու, ոչ թե օգտվելու կառավարություն լինելու որևէ կարգավիճակից, այլ գնում ենք քվե խնդրելու՝ ծանր, պատասխանատու բեռ կրելու, ընդդիմություն լինելու, որը ենթադրում է միմիայն ծանր աշխատանք, քրտինք, ջանք և մենք պատվով ուզում ենք այդ գործը կատարել», - ասաց Վիգեն Սարգսյանը։