Ֆրանսիայում նախագահ էմանյուել Մակրոնի նախաձեռնությամբ այսօր աշխարհի շուրջ վեց տասնյակ երկրների առաջնորդներ հարգանքի տուրք են մատուցել Առաջին աշխարհամարտի միլիոնավոր զոհերի հիշատակին:
Հրադադարից ուղիղ մեկ դար անց այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 11-ին, ելույթ ունենալով Փարիզի Հաղթական կամարի մոտ Մակրոնը հայտարարել է․ - «Մենք պետք է կարողանանք մեր երեխաներին փոխանցել այն խաղաղությունը, որի մասին նախորդ սերունդներն են երազել»:
«Պատերազմի զոհ դարձած զինվորները, կանայք ու որբացած երեխաներն անցել են անպատկերացնելի դժոխքի միջով», - շուրջ 20 րոպե շարունակված ելույթում նշել է Ֆրանսիայի առաջնորդն՝ ընդգծելով, որ անցյալը չպետք է թշնամություն ծնի ժողովուրդների միջև, բայց և չպետք է մոռացության մատնվի:
«Հարյուր տարի առաջ Փարիզում ու ողջ Ֆրանսիայում, ղողանջեցին զանգերն՝ ավետելով չորս տարի շարունակված արյունալի պատերազմի ավարտը: Դա վաղուց էր, բայց թվում է նաև, թե երեկ էր», - հայտարարել է Մակրոնը և դիմելով աշխարհի առաջնորդներին՝ կոչ արել «միասին պայքարել հանուն խաղաղության»:
1914 թվականի հուլիսին սկսված քառամյա աշխարհամարտն ավելի քան 16 միլիոն մարդու կյանք խլեց՝ վերաձևելով Եվրոպայի քարտեզն ու ժողովրդագրությունը: Հենց այդ տարիներին Օսմանյան կայսրությունն իրագործեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը:
Արյունալի պատերազմից հետո կնքված հրադադարը, սակայն, երկար չտևեց՝ երկու տասնամյակ անց նացիստական Գերմանիան հարձակվեց հարևանների վրա՝ սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Փարիզում հանդիսավոր արարողություններին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է նաև Փաշինյանի մասնակցությունը «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: