Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ ժամանել է Փարիզ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի ստեղծագործություններին:

Ցուցահանդես էին այցելել նաև Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա ժամանած մյուս պատվիրակությունների ղեկավարները:

«Պիկասո. կապույտ և վարդագույն» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 18-ին և տևելու է մինչև հունվարի 6-ը: Ցուցահանդեսում ներկայացված է հանրաճանաչ նկարչի վաղ շրջանի ավելի քան 300 ստեղծագործություն՝ տարբեր հավաքածուներից: Ցուցադրված են նաև Պիկասոյի մի շարք հայտնի կտավներ, որոնք Օրսե թանգարան են բերվել աշխարհի տարբեր երկրներից:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը նաև մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի անունից մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների պատվին տրված ճաշին:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: