«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միասին են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Երկու ուժերի ղեկավարները՝ Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, հուշագիրը ստորագրեցին այսօր, դաշինքն էլ անվանեցին՝ «Մենք»։
Փաստորեն «Հանրապետությունը» որոշեց նոր դաշինք կազմել այն բանից հետո, երբ օրեր առաջ բաժանվեցին իրենց ու «Լուսավոր Հայաստանի» ճանապարհները: Կուսակցությունները միավորվել էին ընդամենը մի քանի ամիս առաջ ու հաջողությամբ գործակցել Երևանի ավագանու ընտրությունների ձևաչափում: Ինչո՞ւ բաժանվեցին Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին՝ «Ազատության» հարցին ի պատասխան Արամ Սարգսյանն ասում է՝ «Լուսավոր Հայաստանը» որոշեց սեփական տեսլականով գնալ դեպի նոր խորհրդարան։
«Մենք ի սկզբանե «Լույս» դաշինքը ձևավորել էինք միասնական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, բայց մանացածի համար ես ներողություն եմ խնդրել, «Լուսավոր Հայաստանն» էլ իր մեկնաբանությունը մեկնանբանել է», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Ազատ Դեմոկրատների» հետ, մինչդեռ, «Հանրապետության» անդամները գաղափարական ընդհանրություններ ունեն։ Հենց սա է դարձել իրենց միավորման հիմնական պատճառը՝ ասում են երկու քաղաքական ուժերի ղեկավարները։ Շեշտում են՝ «Ես կամ դու» չկա, կանք՝ մենք, ու հենց մենք դառնալու ենք այն ընդդիմությունը, որի կարիքը ունի նոր Հայաստանը։
«Մենք հավակնում ենք լինել գլխավոր այն ընդդիմախոսը իշխանությունների, որը բովանդակային առումով և բառացիորեն Հայաստանի Հանրապետության զարգացման տեսլականի առումով նոր թարմություն կբերի։ Այն քաղաքական ուժն ենք հավակնում լինել, որ նաև կօժանղակի այն անհրաժեշտ փոփոխություններին, որ այսօրվա կառավարությունը նախաձեռնել է», - նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը։
Վարչապետ դառնալու հույսեր ու ցանկություններ Արամ Սարգսյանը չունի։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը գիտակցում է՝ հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի թիմը մեծամասնություն է լինելու խորհրդարանում։ Բայց, անկախ Փաշինյանի հետ ունեցած «ջերմ անձնական հարաբերություններից», պատրաստվում է դառնալ այն թիվ մեկ անձը, որը նրա կառավարությանը առողջ քննդատության կենթարկի։
«Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես կարողանամ իմ առանձնահատուկ տեսակետը ասել, որը տարբերվում է, ինչն էլ հիմա արեցի։ Իսկ այդ տեսակետները տարբերվում են մի քանի ուղություններով ու էստեղ նաև կանդրադառնայի Հանրապետականին ու Հանրապետականի ընդդիմադիր լինելուն», - ընդգծեց Սարգսյանը։
Ընդդիմության շարքերում հանդես գալու ցանակություն ունեցող «Մենք»-ը դեմ է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության որոշ կետերին։ Քոքոբելյանն ու Սարգսյանը արևմտամետ հայացքներ ունեն, արևմտյան արժեքների կողմնակից են, պնդում են՝ հակառուսական ուժ չենք, բայց ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ լինելը Հայաստանի շահերից չի բխում։
«Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո Եվրասիական տնտեսական մոտեցման կողմնակից է, որ միջազգային հարթակներում քվեարկում են էնպես, ինչպես Էդուարդ Նալբանդյանն էր ասում, ես էլ եմ էդպես ասում։ Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով իրենք նույն հարթության վրա են և ես այլընտրանք եմ իրենց, ոչ թե իրենց հակառակորդն եմ։ Ես իրենց այլընտրանքն եմ, որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ ուղի չի, ճիշտ ժանապարհով չի տանի», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը։
Նախընտրական դաշինքն առայժմ չի հրապարակում, թե ովքեր են լինելու իրենց ցուցակի առաջին համարները, բայց չեն բացառում գործակցությունը որոշ ընդդմադիր գործիչների հետ։ Ռեյտինգային ընտրակարգով «Մենք»-ի ցուցակով առաջադրվելու է նաև ներկայիս արդարադատության նախարարի պաշտոնակատարը։ Արտակ Զեյնալյանը դեռ չի բացահայտում, թե որ տարածքում է առաջադրվելու։
«Մենք» դաշինքը խոստացավ առաջիկայում ներկայացնել կուսակցության ցուցակը, որում, ինչպես իրենք են վստահեցնում, չեն լինելու այնպիսի մարդիկ, ում անունը կապվում է կոռուպցիայի, հանցագործ ռեժիմների հետ։