Քաղաքական ուժերը կողմ են Փաշինյանի առաջարկած հեռուստաբանավեճին

Քաղաքական ուժերը կիսում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեսակետն այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի ուղիղ եթերում քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ հեռուստաբանավեճի։

Նիկոլ Փաշինայնն այսօր Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ բանավեճը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։

Հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ԲՀԿ-ն կողմ է ցանկացած ձևաչափի քննարկման, որտեղ կուսակցությունը հնարավորություն կունենա ներկայացնել իր ծրագրերը։

«Այս պարագայում մեր ժողովրդի համար ավելի ընկալելի է դառնում տվյալ քաղաքական ուժի կամ անձի ինտելեկտուալ պոտենցյալը կամ ծրագրերի իրատեսությունը», - նշեց ԲՀԿ փոխնախագահը։

Հարցին, թե արդյոք կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի նման բանավեճերի, Էնֆիաջյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարող պարոն Ծառուկյանի փոխարեն ասել, բայց վստահաբար ձեզ ասում եմ՝ պարոն Ծառուկյանը այս կարճ ժամանակահատվածում առավելագույնս անմիջական հանդիպումներ է ունենալու մեր երկրի քաղաքացիների հետ»։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ևս կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը։ Շեշտում է՝ նախկին իշխանության օրոք այդ բանավեճերն այդպես էլ չեն կայացել․ - «Մշտապես բանավեճի պակաս է եղել հայ քաղաքական դաշտում, հատկապես ընտրությունների ժամանակ նախկին իշխանությունները մշտապես խուսափել են բանավեճերից և ըստ էության, առաջին դեմքերի բանավեճեր չեն կայացել։ Այո, ժամանակն է, որպեսզի այդ մշակույթը կայանա, որպեսզի ընտրությունները դառնան բանավեճերի դաշտ, և օրենսդրական նման նախաձեռնությունը ևս կնպաստի դրա ամրապնդմանը։ Մենք մշտապես եղել ենք բանավեճի կողմնակից»։

Հարցին՝ կմասնակցեն նման բանավեճերի առաջին դեմքով, Խաժակյանը պատասխանեց․ - «Երբ նման բաներ կազմակերպվեն, այդ ժամանակ մեր մասանկցությունը որևէ ձևաչափով կունենանք»։

Նախորդ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի առաջնորդած կուսակցությունների հետ «Ելք» դաշինքով մասնակցած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ևս կարևորում է հեռուստաբանավեճերը՝ օրինակներ բերելով միջազգային փորձից․ - «Շատ դրական եմ վերաբերվում, ապրի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը»:

Սարգսյանն այսօր արդեն «Մենք» դաշինքի անդամ է։ Ասաց՝ իրենց ցուցակի առաջին համարը սիրով կմասնակցի բանավեճին․ - «Ես կարծում եմ, որ դա նաև կլինի Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը անելուց հետո երկրորդ այն դրական քայլը, որը խորհրդարանական ընտրություններում կամ ընտրական գործընթացների առումով կբերի բարելավման, կբերի հավասարության սկզբունքի»:

Նախկին իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց համար ընդունելի է ուղիղ եթերում, հավասար պայմաններում բանավեճը, որը կվարի, ըստ Աշոտյանի ձևակերպման՝ մաքսիմալ անաչառ մարդ: - «Մենք քաղաքակիրթ քաղաքական պայքարի կողմնակիցներն ենք, մենք քաղաքական բովանդակություն ստեղծելու կողմնակիցներ ենք, մարդկանց իրական հուզող հարցերին պատասխան տալու կողմնակիցներ ենք, Արցախյան հակամարտության կարգավորումից մինչև Հայաստանի արտաքին մարտահրավերներ, տնտեսության զարգացումից մինչև մարդու սոցիալական երաշխիքներ և այլն։ Եվ այստեղ Հանրապետական կուսակցության թեկնածուն վստահաբար շատ պատրաստակամ մասնակից կլինի և պատրաստ կլինի ներկայացնելու նաև կուսակցության ծրագրային դրույթները»։

Միևնույն ժամանակ նախկին իշխող ուժի ներկայացուցիչը քննադատում է ըստ իր բնորոշման՝ Փաշինյանի ներմուծած քաղաքական մշակույթը, որտեղ բացակայում են քաղաքական բովանդակությամբ բանավեճերը, չնայած այն բանին, որ ոչ վաղ անցյալում նման քննադատություն հնչել է հենց ՀՀԿ-ի հասցեին:

«Քննարկումները շատ անձնավորված են և չեն նպաստում քաղաքական մտքի զարգացմանը և պատասխան չեն տալիս ժողովրդին հուզող խնդիրների լուծման տարբերակներին: Այս քաղաքական մշակույթը գործող իշխանությունն է ներմուծել», - նշեց ՀՀԿ ներկայացուցիչը: - «Նիկոլ Փաշինյանի այդ նախաձեռնությունը երևի թե նպատակ է հետապնդում փորձել որոշակի բովանդակություն հաղորդել քաղաքական կյանքին, որովհետև այդ բովանդակությունը իսպառ բացակայում էր վերջին ամիսներին»:

Աշոտյանը հիշատակեց վերջերս Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կազմակերպված հեռուստաբանավեճը՝ այն որակելով որպես տխուր փորձ։

«Հեռուստաբանավեճի անվան տակ ձայնագրություն էր մոտ մեկ տասնյակ մարդու մասնակցությամբ, կողմնակալ հարցադրումներով և ոչ հավասար ժամանակային ծածկույթով», - մատնանշեց նա:

Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին ուրախալի որակեց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի՝ ուղիղ եթերում հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը: - «Անշուշտ՝ ինչքան բաց, ուղիղ եթերներով, առաջին դեմքերով, անկեղծ՝ միայն ու միայն այդպես է ձևավորվելու քաղաքական դաշտը», - նշեց Սեֆիլյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9ին։