Վանաձորցի ինֆեկցիոնիստները դժգոհ են նորաբաց բժշկական կենտրոն տեղափոխվելու որոշումից

Հայաստան-Վանաձորի հիվանդանոցի աշխատակիցները 09 նոյեմբեր, 2018

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը նորաբաց բժշկական կենտրոն տեղափոխելու մասին կառավարության որոշման նախագիծը վանաձորցի ինֆեկցիոնիստների սրտով չէ։

Այս պահին ընդամենը 12 հիվանդ ունեցող հիվանդանոցի աշխատակազմը դժգոհ է՝ նորակառույց շենքում ընդամենը 15 մահճակալ կունենան՝ որպես առանձին բաժանմունք։

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը պնդում է, որ երբեմն, հատկապես ամռանը, ինֆեկցիոն բռնկումների դեպքում մինչև 30 հիվանդ է ունենում 33 աշխատակից ունեցող հիվանդանոցը։

Հիվանդանոցի աշխատակիցները, ովքեր մտավախություն ունեն, որ տեղափոխվելուց հետո գործազուրկ կդառնան, ասում են՝ քաղաքի ծայրամասում գտնվող հիվանդանոցը ինֆեկցիոն բռնկումները կանխելու առանձնահատկություններ ունի, մինչդեռ նորակառույց ահռելի բժշկական կենտրոնը հարմարեցված չէ իրենց ծառայություններին։

«Ինֆեկցիոն հիվանդանոցը լուրջ կառույց է, որ պարտադիր պետք է գտնվի քաղաքաի ծայրամասում, առանձին շենքում և հարկ եղած դեպքում սահմանվի կարանտին։ Մեր կոյուղին միանգամից չի միանում հանրային կոյուղուն, իսկ արդյոք էդ պայմանը էնտեղ ապահովվածա։ Մենք ունենք քլորատուն, որը շուրջօրյա աշխատում ա, էդ կոյուղին քլորացվում ա, ախտահանվում, նոր միանում ա հանրայինին», - ասացին աշխատակիցները։

Հիվանդանոցը, որտեղ տարեկան 80 միլիոն դրամ է ծախսվում, ջեռուցման համակարգ չունի։ Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար ստեղծված մեկուսիչ հիվանդասենյակներում տաք ջուր չկա։ Դա հաստատեցին թե՛ աշխատակիցները, և թե՛ ինֆեկցիոն հիվանդություններով բուժվող հիվանդները։

«Մենք ունենք ընդունարանում տաք ջուր, ուղղակի իրանք վերցնում են էդ ջուրը», - նշեց աշխատողներից մեկը։

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է աշխատակիցներին և խոստացել դժգոհություններն ու ներկայացված առաջարկները հասցնել կառավարություն։

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետը շեշտեց, որ սա դեռևս նախագիծ է և ոչ վերջնական որոշում և պատրաստ են հաշվի առնել բոլոր առաջ քաշված փաստարկները։ Մասնագիտությամբ բժիշկ մարզպետը նաև նշեց, որ նորակառույց ու բավականին հարմարավետ շենք տեղափոխվելու դեպքում ծառայությունը կշահի։

«Նույն հաստատության մեջ լինելով՝ ինքը շատ մեծ առավելություն է ստանում։ Այսինքն, էդ հիվանդը, որը որ ինֆեկցիոն հիվանդ է, բայց ունի այլ մասանգետների խորհրդատվության կարիք, անմիջապես տեղում է ամեն ինչ՝ բոլոր սարքավորումները և այլն, և այլն, և դա կբարձրացնի բուժման որակը միանշանակ։ Իհարկե, իրենց կարծիքը կլսենք, բայց այնպես չի, որ եթե իրենք դեմ են, ուրեմն մենք պետք է ասենք լավ չենք անում։ Իրենց կարծիքը լսելով, միգուցե, փոփխություններ անելով և այլն, բայց քաղաքականությունը մշակում է նախարարը և նախարարությունը», - հավելեց Անդրեյ Ղուկասյանը։

Վաղը տեղի է ունենալու Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի պաշտոնական բացումը։ Այստեղ կլինեն նաև կառավարության անդամները։ Ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները հայտարարել են, որ պատրաստվում են հավաքվել և իրենց բողոքն անձամբ հասցնել առողջապահության նախարարին։