Ավստրիայի իրավապահները բացահայտել են հօգուտ Մոսկվայի լրտեսող մի թոշակառուի:
Կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր հայտնել է, որ ձերբակալվել է Ավստրիայի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետը: Նա 70 տարեկան է, նրա անունն այս պահին չի հրապարակվում:
Լրտեսը 1990-ականներից համագործակցել է ռուսական հետախուզության հետ և դրա համար ստացել է 300 հազար եվրո:
Ըստ Krone Zeitung ավստրիական պարբերականի, այդ մարդը շատ արհեստավարժ է աշխատել, զբաղեցնելով աննշան պաշտոն ավստրիական բանակում, նա ամեն ամիս երկու անգամ հանդիպել է «Յուրի» ծածկանունով ղեկավարին և նրանից առաջադրանքներ է ստացել:
Գնդապետը հայթայթած տեղեկությունները ռուսներին է փոխացնել կոդավորված նամակներով կամ արբանյակային կապի միջոցով:
Ավստրիայի պաշտպանության նախարար Մարիո Կունասեկը հայտնել է, որ գնդապետը տարիներ շարունակ եղել է թոշակառու զինվորականների ցուցակում, նրա վնասակար գործունեության մասին տեղեկությունները Վիեննան ստացել է մի քանի շաբաթ առաջ՝ «եվրոպական բարեկամական մեկ այլ երկրի պատկան կառույցից»:
Լրտեսը, մասնավորապես, տվյալներ է փոխանցել ավստրիական բանակի, օդուժի, հրետանային համակարգերի, բարձրաստիճան սպաների անձնական կյանքի և սովորությունների մասին, ինչպես նաև Ավստրիայում ներգաղթյալների վիճակին առնչվող ամփոփագրեր:
Krone Zeitung-ը նշում է, որ ռուսները տեղեկություն են ստացել գնդապետին սպառնացող բացահայտման մասին և կարգադրել են նրան անմիջապես ոչնչացնել իրեղեն ապացույցները, սակայն Ավստրիայի իրավապահները հասցրել են դա կանխել և հիմա վերլուծում են գնդապետի բռնագրավված համակարգչում պարունակվող նյութերը:
Ենթադրվում է, որ լրտեսը դեռ 2006 թվականին ցանկացել է ավարտել այդ գործունեությունը, սակայն նրա ռուս ղեկավարները մերժել են խնդրանքը: Ռուսները գնդապետին հավաքագրել են 1988 թվականին:
Այս սկանդալը լուրջ վնաս կհասցնի ռուս-ավստրիական հարաբերություններին:
Կանցլեր Կուրցն այսօր հայտարարել է, որ «ԵՄ-ում ռուսների լրտեսությունն անընդունելի է, և այն չեն հանդուրժում նաև Ավստրիայում»:
Ռուսաստանն արդեն բավական նյարդային արձագանք է տվել: Մոսկվային զայրացրել է այն փաստը, որ ավստրիացիներն ի լուր աշխարհի հայտարարել են ռուսների օգտին աշխատող լրտեսին ձերբակալելու մասին:
«Որոշ գործընկեր-պետություններ վերջին շրջանում դասական դիվանագիտության փոխարեն նախընտրում են «բարձրախոսային դիվանագիտությունը» և պահանջում են, որ մենք խոստովանենք ինչ-որ բաներ, որոնց մասին տեղեկություն իսկ չունենք», - ասել է արտաքին գոործոց նախարար Սերգեյ Լավրովը:
Ավստրիայի արտաքին գործոց նախարար Կարին Կնայսլը բացատրություն է պահանջել Վիեննայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարից և չեղարկել է դեկտեմբերի սկզբին Մոսկվա կատարելիք այցը:
«Մենք ռուսներից պարզաբանում ենք սպասում, նշանակություն չունի, թե որտեղ են գործել լրտեսները՝ Հոլանդիայո՞ւմ, թե՞ Ավստրիայում, եթե այս ինֆորմացիան ապացուցվի, դա բնավ չի նպաստի Ռուսաստանի և Եվրոպական միության հարաբերությունների բարելավմանը»,- նախազգուշացրել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Եվրոպակաան քաղաքական շրջանակները նշում են, որ Ավստրիան Հին մայր ցամաքի այն սակավաթիվ պետություններից է, որը փորձել է բնականոն կապեր պահպանել Ռուսաստանի հետ նույնիսկ Ուկրաինայի պատերազմի և Սկրիպալների թունավորման իրողությունների պայմաններում:
Ենթադրվոում է, որ Վիեննան հիմա կտրուկ քայլերի չի դիմի, դեսպան հետ չի կանչի, բայց սկանդալը վաղ թե ուշ անխուսափելիորեն կազդի ռուսների հետ հարաբերությունների վրա: