«Յուրաքանչյուրը պետք է հեղափոխություն կատարի իր գլխում»․ Հունան Պողոսյան

«Ազատության» զրուցակիցն է Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

«Ազատություն»․ - Պարոն Պողոսյան, որոշ մարզպետներ արդեն հայտարարել են, որ դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվելու են: Դուք առաջադրվելո՞ւ եք:

Հունան Պողոսյան․ - Ես երբևէ կուսակցական չեմ եղել, չեմ էլ պատրաստվում դառնալ: Ես օգտակար լինելու եմ այստեղ օրենքի պահանջը կատարելով, որ էապես նոր ընտրություններ անցկացնենք: Առանց միջադեպերի ու խախտումների: Ընտրությունները պետք է լինեն օրինական, թափանցիկ և աննախադեպ դրական իմաստով և այն առումով, որ Հայաստանում մինչ այս այսպիսի ընտրություններ պետք է անցկացված չլինեն: Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացին պետք ձայնը տա իր նախընտրած կուսակցությանը, իր նախընտրած թեկնածուին, չպետք է լինեն ուղղորդումներ, ընտրակաշառքներ, կրկնաքվեարկություններ և զանազան արատավոր երևույթներ:

«Ազատություն»․ - Պարոն Պողոսյան, Դուք նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյա եք, իշխանափոխությունից հետո Սյունիքի մարզպետի պաշտոնում Ձեր նշանակմանը հանրության մի հատվածը բացասական արձագանքեց, Սյունիքում ի նշան բողոքի ճանապարհ փակեցին: Անգամ Կապանում գործող իշխանության քաղաքապետի թեկնածուի պարտությունը մեկնաբանվեց բոյկոտ ընդդեմ Ձեր նշանակման: Հնարավո՞ր է՝ այս արձագանքը Ձեզ կաշանդեց:

Հունան Պողոսյան․ - Ոչ, այդ հարցերի բոլոր պարզաբանումները պարոն Փաշինյանն արդեն ասել է: Ես իմ փորձի ու հնարավորությունների սահմաններում, իրոք, ուզում եմ նոր Հայաստանում օգտակար լինել, կարծում եմ՝ էդ ռեսուրսը ես ունեմ: Կարծում եմ՝ այդ համոզմումն էլ սկսվել է բոլորի մոտ, որ ես իրոք, օգտակար եմ լինում: Ինչ վերաբերում է Կապանում թեկնածուի պարտությանը, վերցրեք և նայեք մեր թեկնածուի անցած շատ հագեցած կենսագրությունը և այդ կարճ ժամանակահատվածում նրա ձայների աննախադեպ աճը: Նախկինում էլ տարբեր ձևաչափերով առաջադրվել է, և պատկերացրեք, որ այս անգամ տասնապատիկ անգամ ձայն հավաքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի, քարոզարշավի և իր կատարած աշխատանքի դիմաց: Նրա պարտությունը կարելի է վերաձևակերպել հաղթանակ:

«Ազատություն»․ - Դուք վստահեցնում եք, որ ամեն ինչ անելու եք, որ պատշաճ, աննախադեպ ընտրություններ լինեն, բայց նախկին իշխանության օրոք, երբ Դուք փոխոստիկանապետ էիք, նախընտրական շրջանը ուղեկցվում էր քրեական միջադեպերով, ապա արձանագրվում էին ընտրախախտումներ, որի համար ընդդիմությունը մեղադրում էր իշխանությանը: Ի՞նչն էր խոչընդոտում պատշաճ կազմակերպմանը:

Հունան Պողոսյան․ - Ես նախկին վիճակագրությանը, բնականաբար ծանոթ եմ, կա տարբերություն նախկինի հետ կապված: Բնականաբար, տեսանելի է, ես դա կապում եմ երկրի ապագայով մտահոգ ՀՀ քաղաքացու իրավագիտակցությամբ: Մարդկանց գիտակցության մեջ արդեն մտել է, որ ամեն ինչ պետք է լինի ճիշտ ճանապարհով: Ոստիկանությունն էլ վերջին տարիներին դա վերցրել էր ուղենիշ և դեպքերը նվազում էին, իսկ հիմա պետք է բացառենք բոլորիս համատեղ ջանքերով:

«Ազատություն»․ - Դուք նշեցիք «Նոր Հայաստան» ձևակերպումը, ի՞նչ եք արձանագրել նոր Հայաստանում, ինչո՞վ է տարբերվում, այսպես ասած, Հին Հայաստանից:

Հունան Պողոսյան․ - Նոր և հին Հայաստանի բաժանումը կուզենայի սիմվոլիկ լիներ, որովհետև այս կարճ ժամանակահատվածում ակնկալել նոր Հայաստանի կերտում, սխալ կլինի, մենք լիքը անելիքներ ունենք նոր Հայաստանի կերտման գործում: Այս պաշտոնում պաշտոնավարած կարճ ժամանակահատվածում եկել եմ համոզման, որ յուրաքանչյուրը պետք է հեղափոխություն կատարի իր գլխում, իր մտածելակերպում: Դրանից հետո ամեն ինչ կընկնի տեղը, և առօրյա կյանքում, և կենցաղում:

«Ազատություն»․ - Նախկին իշխանության բարքերով աշխատած պաշտոնյաների մտածելակերպում այդ հեղափոխությունը հնարավո՞ր է:

Հունան Պողոսյան․ - Հիմա չեմ ուզում դրանից խոսել, յուրաքանչյուր ոք ինքը պետք է կամքի ուժ ունենա և հասկանա՝ ճիշտը որն է, սխալը՝ որը, և ընտրի ճիշտ ճանապարհը:

«Ազատություն»․ - Պարոն Պողոսյան, նախկինում Սյունիքում քրեական մթնոլորտի ակտիվացումը, նաև նախընտրական շրջանում, պայմանավորում էին նախկին մարզպետ, ՀՀԿ -ական Սուրիկ Խաչատրյանի անձով: ՀՀԿ-ն էլ է մասնակցելու այս ընտրություններին: Մարզում նկատվո՞ւմ է ակտիվացում հօգուտ նախկին իշխանության և այս ընթացքում հանդիպե՞լ եք Սուրիկ Խաչատրյանի հետ:

Հունան Պողոսյան․ - Ես ոչ մեկի հետ առանձնապես չեմ հանդիպել, թե առանձնապես ով ընտրական գործընթացների վրա ինչ ազդեցություն է ունեցել, ինձ չի հետաքրքրում, ես նայում եմ դեպի ապագա: Մենք ունենք խնդիր այս համապետական լուրջ միջոցառումը Հանրապետությունում, Սյունիքի մարզում անցկացնել բարձր մակարդակով:

«Ազատություն»․ - Եթե Ձեր առջև դրված խնդիրը կատարեք, հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո ՀՀ ոստիկանապետ նշանակվեք:

Հունան Պողոսյան․ - Էդ հարցը մոռացեք, ես էս պահին մարզպետ եմ և մեծ հաճույքով կատարում եմ իմ աշխատանքը, Վալերիյ Օսիպյանը իմ գործընկերն է, մեր միջև փոխադարձ հարգանք կա: Մի ակնարկեք անգամ այդ մասին:

«Ազատություն»․ - Այս ընթացքում, երբ հանդիպում եք բնակիչների հետ, եղե՞լ են դեպքեր, որ Ձեզ մեղադրեն նախկին իշխանության բացթողումների համար, կամ նախկինում Սյունիքում տիրող իրավիճակի համար:

Հունան Պողոսյան․ - Հավատացեք, բոլորը ինձ սիրալիր են ընդունում, և դա փոխադարձ է: Լինում են բողոքներ կենցաղային պայմաններից, սոցիալական հոգսերից:

«Ազատություն»․ - Իսկ նախկին իշխանության Ձեր գործընկերներից Ձեզ մեղադրե՞լ են հետհեղափոխական իշխանության շարքերն համալրելու համար, օրինակ դա համարելով դավաճանություն:

Հունան Պողոսյան․ - Ոչ մեկ իրավունք չունի ինձ մեղադրելու, ոչ էլ ռիսկ ունեն:

«Ազատություն»․ - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ձեր նշանակումը պայմանավորեց նաև Սյունիքում նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու անհրաժեշտությամբ, բայց Դուք ուժային կառույցի ղեկավար չեք, մարզպետի լծակներով ինչպե՞ս եք այդ պայքարում ներգրավվել և այս ընթացքում ի՞նչ արդյունք եք արձանագրել:

Հունան Պողոսյան․ - Իհարկե, ես ուժային կառույցի ղեկավար չեմ, երևի ժամանակին ուժային կառույցում իմ աշխատանքի փորձն է հաշվի առել: Հարցը միայն դրա հետ կապված չէր, այլ շատ էական ու կարևոր հարցերի շրջանակում նաև ուրույն տեղ էր գրավում հանցավորության դեմ պայքարը, քրեածին միջավայրի, հանցավոր հեղինակությունների դեմ պայքարը, նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Մի շարք կարևոր և էական խնդիրներ կան, և այդ խնդիրների լուծման համատեքստում մարզպետի պաշտոնը դիտվում է որպես այդ ամեն ինչի դեմ պայքար մղելու, համակարգողի երաշխավոր: Մեր իրավապահ համակարգը՝ ոստիկանները, Ազգային անվտանգության ծառայությունը և Մաքսային ծառայությունը կոնկրետ արդյունքներ ունեն: Նախաքննական գաղտնիք են դրանք և լուսաբանվում են ոչ ամբողջությամբ: