Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որի հիմնական ինտրիգը կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցն էր։
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները այս հարցը երկար են քննարկել և ընդհանուր հայտարարի չեն եկել։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովից հետո երեկ հայտարարել էր․ - «Պետությունների ղեկավարները զգալի ժամանակ հատկացրեցին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցին, պայմանավորվել են վերջնական որոշումն այս հարցով կայացնել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Մինչ այդ գլխավոր քարտուղարի պարտականությունները շարունակելու է կատարել Վալերի Սեմերիկովը»:
Ռուսական «Կոմերսանտ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, ով Աստանայում էր երեկ, գրել է, որ հիմնական բանավեճը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև էր, կազմակերպության անդամ մնացած անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում նաև՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, համաձայն էին ցանկացած սցենարի։ Նազարբաևը պնդում էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը, Փաշինյանը, իր հերթին, պնդում էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2020 թվականը պետք է լինի Հայաստանի նոր ներկայացուցիչը։ Ավելի վաղ նույն «Կոմերսանտ»-ը գրել էր, որ Փաշինյանն այս հարցում անզիջում է։
Ռուսական РБК-ն մեջբերում է Նազարբաևի խոսքերը․ - «Իհարկե, Հայաստանը ուզում է, որ իր ներկայացուցիչը շարունակի ղեկավարել ՀԱՊԿ քարտուղարությունը: Բոլոր երկրների ղեկավարները, սակայն, գագաթնաժողովի ժամանակ ասացին, որ մեկ տարի է մնացել, և այդ ժամկետում նոր գլխավոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ այցելել կազմակերպության անդամ բոլոր երկրները: Այդ պատճառով, մեզ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար՝ Բելառուսի ներկայացուցիչը»:
Այսօր Ղազախստանի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը գրել է, որ այսքան կրքոտ կադրային քննարկում գագաթնաժողովներին դեռ չէր եղել, և ՀԱՊԿ ղեկավարները երեք ժամից ավելի տևած քննարկումներին չեն կարողացել որոշում կայացնել: Ռուսաստանը, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ, առաջարկել էր փոխզիջումային տարբերակ, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի բազմամյա տեղակալ և այսօր գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, սակայն այս սցենարին ընդդիմացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և պնդել, որ եթե Հայաստանը հետ է կանչել Յուրի Խաչատուրովին, ուրեմն՝ կազմակերպության քարտուղարության հաջորդ ղեկավարը ռոտացիոն կարգով պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը: Պաշտոնական Մինսկն արդեն ունի իր թեկնածուն՝ խոսքը Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի մասին է:
Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում պետք է կայանան Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ գագաթնաժողովները:
2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, անցած շաբաթավերջին ազատվեց այդ պաշտոնից: