Սողոմոնյանն Ազգային ժողովում մասնակցում էր գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին:
Հայաստանը ռուսական «Գազպրոմից» սահմանին գազը գնում է 150 դոլարով, սակայն այդ նույն ընկերության հայաստանյան մասնաճյուղը գազը գրեթե երկու անգամ ավելի թանկ է վաճառում Հայաստանի միջին վիճակագրական բնակչին։
Ըստ Սողոմոնյանի, այս իրավիճակն արդար է․ - «Իհարկե արդարացված եմ համարում: Ավելին ասեմ՝ բոլոր հաշվարկները, բոլոր կիրառված մեթոդոլոգիաները հանձնաժողովը համարում ա հիմնավորված, և դրանք կատարվել են թե՛ գործող սակագնի հաշվարկի մեթոդիկային համապատասխան, թե՛ գործող միջպետական համաձայնագրի համապատասխան»:
Հարցին, թե արդյոք հնարավոր է այս պահին ինչ-որ չափով նվազեցնել սակագինը, Սողոմոնյանը պատասխանեց․ - «Հանձնաժողովի դաշտում գտնվող որևէ ռեզերվ էս պահին չեմ տեսնում: Քննարկում ենք, թե ինչ ռեզերվներ կարող են հայթայթվել ապագա սակագնի համար»:
Մամուլի հրապարակումները, թե Միքայել Սողոմոնյանը և
հանձնաժողովի նախկին աշխատակից, իսկ այժմ Էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանն ամեն ինչ անում են, որպեսզի գազի սակագինը մոտ 100 դրամով նվազեցնելու վերաբերյալ այլընտրանքային հաշվարկները չհասնեն վարչապետին, Սողոմոնյանը հերյուրանք անվանեց․ - «Մոլորություն են մտցնում սպառողների մեջ: Իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում»:
Այն, որ գազի սակագինը հիմնավորված է և իջեցնելու տեղ չունեն, պնդում է նաև «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ նույնպես նշելով, որ սակագինը կարող է իջնել միայն եթե սահմանին իրենք ավելի էժան ձեռք բերեն գազը: Նրա խոսքով, ի վերջո հանձնաժողվոը պետք է որոշի սակագինը, իրենք ներկայացրել են թվերը, հաշվարկները:
Սակագնի իջեցումը ներքին փոփոխությունների հաշվին, Թադևոսյանի խոսքով, կարող է քայքայել համակարգը․ - «Եթե մենք չենք ուզում քայքայելով իջեցնել, պետք է քննարկենք»:
Ուշագրավ է, որ «Գազպրոմ Արմենիա»-ում գազի կորուստները՝ 6,69 տոկոս են կարզմում, ըստ որում, այս ողջ կորստից երկու տոկոսը բաշխիչ ցանցում է, իսկ ավելի քան 4 տոկոսը փոխադրման համակարգում խոշոր գազատարից է կորում:
Միքայել Սողոմոնյանն էլ ընդունում է, որ այստեղ խնդիր կա․ - «Դրանք իհարկե համարում ենք, որ մի քիչ բարձր են, բայց դրանք նվազեցնելու համար, բնականաբար, պետք են ներդրումներ: Այդ ներդրումները բավականին մեծ գումար են կազմելու, և չմոռանանք, որ եթե ներդրումներ են արվում, դրանք պետք է վերադարձվեն, իսկ վերադարձման միակ միջոցը սակագինն է»:
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ հենց կորուստների մասով բազմաթիվ հարցեր կան․ նախ ինչպե՞ս է ստացվում, որ ավելի քան 4 տոկոս գազ է կորում գազատարից, և երկրորդ, սակագնի մեթոդաբանության մեջ թույլատրելի կորստի չափը նախկին տարիներին հանձնաժողովը բարձրացրել է գրեթե մեկուկես տոկոսով։
Մելքումյանը վստահ է, որ կարելի է գազի սակագինը նվազեցնելու ուղիներ գտնել նաև ներքին ռեզերվներից․ - «Ես համոզված կարող եմ ասել, որ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ մենք ունենք ռեզերվներ իջեցնելու, և դա բազմավեկտոր խնդիր է»: