Եթե կան վթարի մեղավորներ, անպայման խստորեն կպատժվեն. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ

Հոսպիտալ տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ։

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս, դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ ապա անպայման խստորեն կպատժվեն», - գրել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ Հայաստանի Զինված ուժերն իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր:

«Իսկ նման դեպքերում, ցավոք, երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին», - գրել է Հովհաննիսյանը:

Երեկ չորս ժամկետային զինծառայող է մահացել Գորսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղ ունեցած ավտովթարի հետևանքով։ Եվս 17-ը վիրավորվել է։