Քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարները ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյան

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը չի հիասթափեցնի ընտրողին, վստահ է կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների հրապարկմանը մեկ շաբաթ է մնացել։ Լենա Նազարյանն ասում է՝ մոտ 200 հոգանոց ցուցակի կազմման աշխատանքները ընթացքի մեջ են: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի անդամ նախարարները, մարզպետերը, պատգամավորները առաջադրվելու են նաև տեղերում, այսպես կոչված՝ ռեյտինգային համակարգով, նշեց Նազարյանը։

Ցուցակում բացի «Քաղաքացիական պայմանագրից», լինելու են նաև «Իմ քայլը» դաշինքի անդամ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչները, անկուսակցականներ և Հանրապետական խմբակցության նախկին երկու անդամ՝ Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, ով վերջերս նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար։

«Նախարարների այն կազմը, որոնք քաղաքական թիմի անդամ են, անպայման կլինեն ներկայացված նախընտրական ցուցակում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Լենա Նազարյանը։ - «Հետագայում, իհարկե, կորոշվի նրանցից որոնք են մնալու Ազգային ժողովում, որոնք կշարունակեն աշխատանքը կառավարությունում»։

Անդրադառնալով ՔՊ ցուցակին՝ Լենա Նազարյանը մանրամասնեց․ - «Կլինեն անձինք, ովքեր գուցե շատ հայտնի չեն հանրությանը, բայց հայտնի են իրենց մասնագիտական շրջանակում, հաջողված մարդիկ են, արդեն կայացած, մասնակցել են տվյալ ոլորտի քաղաքականության մշակմանը, կարող ուժեր են և պատրաստ են զարգացնել ոլորտը արդեն Ազգային ժողովում՝ օրենսդրական մակարդակում»։

«Ազատության» խնդրանքով վարչապետի պաշտոնակատարի թիմակիցը մեկնաբանեց լուրեն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի դժգոհություն է հայտնել այն մարդկանց վերաբերյալ, ովքեր պաշտոններ են պահանջում։ - «Կուսակցության ժողովներից մեկի ժամանակ եղել է դժգոհություն՝ մարդիկ հիմնականում ակնկալում են նույնպես հնարավորություն ունենալու մասնակցելու պետական կառավարմանը։ [Փաշինյանը] ասել է՝ այն մարդիկ, ովքեր ինձ հետ քայլել են միայն աշխատանք ունենալու կամ ինչ-որ օգուտներ ստանալու, անձնական շահ ունենալու նպատակով, ապա կարող են Երևանից հետ քայլել դեպի Գյումրի», - պատմեց Լենա Նազարյանը։

«Արդյոք քաղաքացիական պայմանագիրը մտավախություն չունի, որ ռեյտինգային համակարգի պահպանումը տեղերում կարող է հանգեցնել այն երևույթներին, որ նկատելի էին նախկին ընտրությունների ժամանակ, ասենք՝ թաղային հեղինակությունների ակտիվ մասնակցություն, որոշակի ազդեցության՝ ընտրողի կամարտահայտության վրա», - այս հարցին էլ Նազարյանը պատասխանեց․ - «Ամբողջությամբ չենք կարողանալու խուսափել այդ ազդեցությունից, որովհետև դա ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունն է, ինչից մենք ուզում էինք հեռանալ։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք և արդյունքում իսկապես տարածքներում կլինեն թեկնածուներ, ովքեր շեշտը կդնեն իրենց անձի վրա, այլ ոչ թե քաղաքական թիմի, առավել ևս իրենց ծրագրի վրա։ Այնուամենայնիվ, մենք փորձելու ենք այս ընտրությունները վերածել վարչապետի ընտրության և վարչապետի մեր թեկնածուն, մասնակցելով հանրահավաքներին բոլոր մարզերում, իհարկե կոչ է անելու ընտրել իր քաղաքական թիմին։ Այդ իմաստով, ես կարծում եմ, մի քիչ ավելի կշատանա քաղաքական կոմպոնենտը մրցակցության մեջ և մարդիկ արդեն կդիտարկեն ոչ թե տարածքներում առաջադրված անձանց, այլ քաղաքական թիմը և քաղաքական ներկայացուցիչներին»։

Նախկին իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը, տրամադրված է մասնակցել ընտրություններին, սակայն պաշտոնական հայտարարություն դեռ չի հնչել։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: 2017-ի ընտրություններում Հանրապետականի ցուցակը գլխավորած Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է՝ «այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի։ Ընդդիմություն լինելը ոչ արտոնություն է, ոչ վարչական լծակ, ոչ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ևս կարծիք հայտնեց, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին։ Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, պատասխանեց․ - «Չեմ կարող ասել ինչպես եմ գնահատում, բայց գիտեմ, որ Հանրապետականը ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ և կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել»։