Լոնդոնում դատարանի որոշմամբ ձերբակալվել է ադրբեջանցի Զամիրա Հաջիևան

Զամիրա Հաջիևա, արխիվ

Ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջը ֆինանսական յուրացումների մեղադրանք է առաջադրվել:

55-ամյա Զամիրա Հաջիևան դարձել է Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի իրավապահները պաշտոնապես պահանջել էին բացահայտել իր հարստության աղբյուրները:

Հաջիևան 10 տարվա ընթացքում միայն մեկ խանութից՝ Լոնդոնի Harrods-ից 16 միլիոն ֆունտ ստեռլինգի առևտուր էր արել, նաև պարզվել էր, որ նա Բրիտանիայում 22 միլիոն ֆունտ ստեռլինգի անշարժ գույք է ձեռք բերել:

Հաջիևան անցած շաբաթ բերման էր ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների պահանջով: Նրան արտահանձնում է սպառնում:

Նա «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիևի կինն է: 2016 թվականին Բաքվի դատարանը Հաջիևին 15 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախությունների, մեքենայությունների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեղադրանքով: Նախկին բանկիրը մեղադրանքը չի ընդունել: