Հարուցվել է քրգործ 19-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձի դեպքով. ՔԿ

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքով:

Ըստ հաղորդագրության, նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Տիգրանյան փողոցում կրակոցների, վիճաբանության և կանանց ձայներ են լսվել:

«Նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ ծնված 1999 թվականին, ով, ըստ վերջինիս պապի հաղորդման, վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Տիգրանյան փողոցում», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ քրեական գործը հարուցվել է սպանության փորձի և ապօրինի զենք- զինամթերքի հատկանիշներով։

«Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: 19-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, անհայտ անձը Երևան քաղաքի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի մոտ մի քանի անգամ հրազենից կրակոցներ է արձակել 1999 թվականին ծնված երիտասարդի ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, 4 հատ գնդակ, կրակված տաբեր տրամաչափի 10 հատ պարկուճ և 3 հատ գնդակի բեկոր: Բժշկական կենտրոնից առգրավվել են դեպքի պահին տուժած երիտասարդի հագին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն նաև նշում է, որ հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: