Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կլինեն ամենախիստը, քան երբևէ եղել է. Ջոն Բոլթոն

Fox Business Network-ին տված հարցազրույցում Բոլթոնը նշել է, որ չեն բավարարվելու միայն վերականգնելով նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակ՝ 2015-ին գոյություն ունեցող պատժամիջոցների մակարդակը, այլ պատրաստվում են ավելի խստացնել դրանք:

Նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած պատժամիջոցների թիրախում Իրանի նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը:

Վաշինգտոնը ձգտում է զրոյի հավասարեցնել իրանական նավթի արտահանումը: Նավթը Իրանի տնտեսության առանցքն է, արտարժույթ բերող հիմնական միջոցը: Այնուամենայիվ, Վաշինգտոնը մի շարք երկրների կթույլատրի ժամակավորապես նավթ ներմուծել Իրանից։ Այդ երկրների ցանկում Հայաստանը չկա:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ բացառությունը վերաբերում է 8 երկրների՝ Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թուրքիա և Թայվան: Չինաստանից անջատված Թայվանը միջազգային հանրության կողմից ճանաչված չէ որպես անկախ պետություն:

Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ այսօր մեկնաբանություն է տարածել Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը. - «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»:

Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ևս այսօր խորհրդարանում անդրադարձել է այդ հարցին, նշելով․ - «Փոխգործակցությունը Իրանի հետ չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին»։

Կարեն Նազարյանը կարևորել է Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների դինամիկայի պահպանումը «անկախ այն իրողություններից, որ այսօր ստեղծված են»:

Իրանը հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին կշարունակի նավթի վաճառքը:

«Մենք պետք է ամբողջովին շրջանցենք այդ պատժամիջոցները և դա կանենք Աստծո օգնությամբ, Իրանի ժողովրդի ու հասարակության միասնականության օգնությամբ: Մենք պետք է հստակ հասկացնենք ամերիկացիներին, որ չեն կարող Իրանի ժողովրդի հետ խոսել ուժի, սպառնալիքների, ճնշումների ու պատժամիջոցների լեզվով: Ամերիկան պետք է մեկընդմիշտ պատժվի», - նոյեմբերի 5-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Անցած մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի ու աշխարհի գերտերությունների միջև 2015-ին ստորագրված համաձայնագրից: Փաստաթուղթը ստորագրած մյուս երկրները այն չեն չեղարկել:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Իրանի դեմ խիստ պատժամիջոցները «սխալ քայլ» է գնահատել: Այսօր մամուլի ասուլիսում նա ասել է, թե Եվրամիությունը աշխատում է նոր գործիքներ գտնել Իրանի հետ առևտուրը շարունակելու համար: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ Եվրամիությունը դրական է գնահատում Իրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, գտնելով, որ այն Թեհրանին հետ է պահում ատոմային զենք ստեղծելու մշակումներից:

Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը այսօր ասել է, որ Հայաստանի համար շատ էական է Եվրամիության հավասարակշռված մոտեցումը, «ինչը նաև մեծապես ողջունվում է Հայաստանի կողմից»։