Ադրբեջանում գերի ընկածի ծնողները չգիտեն, թե ինչպես է հայտնվել սահմանից այն կողմ

Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողներին այսօր այցելեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

«Սահմանը հատելու որևէ պատճառ չուներ», - ասում է Կարենի հայրը՝ Արմեն Ղազարյանը՝ շարունակելով, - «Չգիտենք որ ժամին ա եղել, չգիտենք ինչպես ա եղել։ Սահմանը ոնց ա անցել, սաղ ականապատած ա»։

Կարենի ծնողները 4 ամսվա ընթացքում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով մեկ նամակ փոխանցելու հնարավորություն են ունեցել, որին որդուց միայն բանավոր կարճ պատասխան են ստացել։

Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը շեշտում է, որ Ղազարյանների տունն ընդամենը մեկուկես կիլոմետր հեռավորության վրա է գտնվում ամբողջովին ականապատված սահմանից և նշում, որ գյուղացիների անհանգստությունները դեռ չեն փարատվել։

«Մեր երեխան փաստորեն մեր մոտ չի, և դա հոգեբանորեն սաղ գյուղի վրա ազդեց: Չնայած էս պահին որոշակի չափով փորձում ա բնականոն հունի մեջ մտնի, բայց երևի բոլորի ուղեղի մեջ էդ հարցն ա։ Ինչքան շուտ էս հարցի լուծումը լինի, ես վստահ եմ, էդքան շուտ գյուղը կմտնի բնականոն իրա հունի մեջ», - նշեց Սմբատ Մուղդուսյանը։

Այս տարվա հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հրապարակելով Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի լուսանկարը, հայտարարել էր, թե ադրբեջանական բանակը Ղազախի շրջանում հայկական դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել ու գերեվարել հայ հետախույզի։ Հաղորդագրությունից անմիջապես հետո, Հայաստանի ոստիկանությունն ու Պաշտպանության նախարարությունը հայտարարեցին, որ Ադրբեջանի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ ընդգծելով, որ Կարեն Ղազարյանը առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։

Կարենի մայրը թեև չի հերքում Կարենի առողջական խնդիրներ ունենալու փաստը, բայց ցավագին է ընդունում այդ մասին հայտարարությունները։

Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողներին այսօր այցելեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա կիսեց ծնողների անհանգստությունը Կարենի առողջական վիճակի և նրա գտնվելու պայմանների վերաբերյալ։ Աննա Հակոբյանը տարակուսեց, թե ինչու է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը երկարատև ընդմիջումներով այցելում Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին։ Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները վերջին անգամ 6 շաբաթ առաջ են այցելել նրան։

«Էնպիսի կենցաղային մակարդակի խնդիրներ կան, որ, իմ կարծիքով, Կարմիր խաչի օգնությամբ պետք է լուծվեն, ինչպես օրինակ, ձմեռային հագուստը։ Մայրիկին անհանգստացնում է, թե ինչ հագուստ ունի, որովհետև ամռանն էր դեպքը տեղի ունեցել և իր հետ հագուստ չունի։ Տիկին Աստղիկն ասում է, որ պատրաստ են գումար փոխանցել կամ հագուստ փոխանցել, բայց որևէ արձագանք չի ստանում այս առաջարկը և որևէ ինֆորմացիա չկա, թե ինչ պայմաններում է, արդյոք տաք է և ինչ հագուստ է կրում ամեն օր տղան», - ասաց Աննա Հակոբյանը։

Կարեն Ղազարյանի հարցը քննում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ Ադրբեջանի կառավարությանից պարզաբանումների են սպասում։

«Փաստաբանները վսատահեցնում են, որ մեր դիրքերը շատ ամուր են, փաստերը շատ ամուր են առնվազն այն մասով, որ Կարեն Ղազարյանը դիվերսանտ չէ, որ տերորիստ չէ, որ ունի առողջական լուրջ խնդիրներ։ Դրանց բոլոր ապացույցները ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարի կինը։

Հայ փաստաբանները վստահեցնում են, որ հայկական կողմի հաղթանակի դեպքում սանկցիաներ կկիրառվեն Ադրբեջանի նկատմամբ։

«Դրանք կլինեն սանկցիաներ, որոնք առնվազն լուրջ գործիք կլինեն մեր ձեռքում Կարեն Ղազարյանի վերադարձի շուրջ աշխատելու և վերադարձը ապահովելու համար», - ասաց նա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։

Այսօր, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ասել է, որ Ադրբեջանից գերիների փոխանակման մասին պաշտոնական որևէ առաջարկ չեն ստացել։ Օրերս Ինտերֆաքս գործակալությունը գրել էր, թե «իրենց տեղեկություններով, Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»: Դավիթ Տոնոյանն այսօր ասաց, թե այդ մասին տեղեկացել է միայն մամուլից։

Եթե անգամ լինի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կմերժեն այդ առաջարկը։ Երկու կողմից էլ պաշտոնապես նշում են, որ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան։

«Արցախում ձերբակալվածներն ու դատապարտվածները հանցագործներ են և ոչ մի ձևով չեն կարող դիտարկվել որպես ռազմագերիներ»,- ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։

Երեկ նման հայտարարություն էր արել նաև ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ «Ազատության» հետ զրույցում նա պնդել էր, որ իրենք չեն կարող հավասար հարթության մեջ դիտարկել ադրբեջանցիներին, որոնք հայկական կողմում լուրջ հանցագործություն են կատարել, և հայ հասարակ քաղաքացիներին, որոնք սահմանն անցել են պատահմամբ։