Ծառուկյանը տոկոսի համար «ո′չ դոշ ա ծեծելու, ո′չ ժողովրդին խնդրելու ա»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հստակեցրել՝ իր գլխավորած ուժը արտահերթ ընտրություններին դաշինքո՞վ է մասնակցելու, թե՞ առանձին:

Առայժմ մի հարցում է վերջնական որոշում կայացրել․ - «Ցուցակը գլխավորելու եմ ես»:

Տարածքային վարկանիշային թեկնածուների ցուցակն էլ չի ամբողջացրել․ ձայն բերող հեղինակությունների՞ն, թե՞ քաղաքական դեմքերին է առաջնահերությունը տալու․ - «Պիտի նայենք, թե դաշինքը ինչ է մեզ տալու: Այսօր բոլորն էլ կուսակցական են, կուսակցություններ ունեն, բոլորի սպասելիքները, ամբիցիաները այնքան մեծ են, որ ում հետ խոսում ես, ինքը արդեն 15 տոկոս, 20 տոկոս ձայն ունի․․․ էլ մեր հետ ի՞նչ գործ ունի: Թող գնա, ինքը իր 15-20 տոկոսով մասնակցի»:

Գագիկ Ծառուկյանի խոստովանեց, թե գործարարներ կլինեն ցուցակում՝ իր գլխավորությամբ՝ չնայած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություներին, թե բիզնեսը պետք է տարանաջատել քաղաքականությունից:

Ծառուկյանը Միացյալ Նահանգների նախագահի օրինակին է հետևում․ - «Եթե դու, որպես լրագող, տիրապետես, հասկանաս քաղաքականությունից, այսօր Ամերիկայի պես երկրում ամենախոշոր սեփականատերը՝ Թրամփն է երկիրը կառավարում»:

Հարցին, թե արդյոք ընտրություներին մասնակցող Հանրապետականին համարում է իր մրցակիցը և արդյոք ՀՀԿ-ի առաջադրվելը բացասաբար կանդրադառնա ԲՀԿ-ի քվեների վրա․ Ծառուկյանն արձագանքեց․ - «Այսօր ես ձեզ ուզում եմ մի բան ասել․ Ծառուկյանը տոկոսի համար ո′չ դոշ ա ծեծելու, ո′չ ժողովրդին խնդրելու ա: Ծառուկյանը ներկայացնելու ա իր ծրագիրը, ասելու ա՝ ժողովուրդ ջան, ես իմ թիմով կարող եմ սա անել, վստահո՞ւմ եք, ինչքան եք վստահում, այնքան էլ կարող եմ անել․․․»

Ընտրություններից հետո, «Բարգավաճի» թե՛ խորհրդարանական ընդդիմություն դառնալուն, թե՛ իշխանությանը մաս կազմելուն Ծառուկյանը դեմ չէ: Թե որոշումը որ տարբերակի վրա կանգ կառնի, ընտրությունից հետո կհայտարարի․ - «Ամեն ինչ կախված ա ընտրություններից: Բայց որ ես, ասենք թե, շարժման կողմնակից եմ, Նիկոլ Փաշինյանին աջակից եմ, կողքն եմ լինելու․․․ դա միանշանակ է»:

«Ծառուկյան» խմբակցության ղեկավարը հայտարարեց մի դեպքում միայն չի մասնակցի ընտրություներին․ եթե համոզվի, որ քաղաքականության մեջ ժողովուրդն իր կարիքը չունի: