Թուրքիայի նախագահը կտրականապես դեմ է Սիրիայում քուրդ-ամերիկյան համատեղ պարեկային խմբերի ստեղծմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Պարեկային ծառայություն իրականացնող համատեղ քուրդ-ամերիկյան խմբերի գոյությունը Սիրիայում անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ավելի վաղհայտնված տեղեկությունների համաձայն քուրդ-ամերիկյան պարեկային խմբերը պետք է ծառայություն իրականացնեն Սիրիայի հյուսիսում` Թուրքիային սահմանակից շրջաններում:

«Դա անընդունելի է: Մենք չենք կարող համակերպվել նման խմբերի գոյության հետ: Նման իրավիճակը սահմանին լուրջ բարդությունների է հանգեցնելու: Ես վստահ եմ` երբ ես [Փարիզում] զրուցեմ Թրամփի հետ, ամերիկացիները թերևս դադարեցնեն այդ ողջ գործընթացը», - Անկարայում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարում էր Էրդողանը:

Թուրքիայի և ԱՄՆ նախագահները Փարիզ են մեկնելու այս շաբաթավերջին՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: