Ֆինանսական փոխանցումների համաշխարհային SWIFT համակարգը ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը իրանական մի շարք բանկերի հետ: Այդ մասին ասված է SWIFT գործակալության տարածած հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հայտնում է, որ ժամանակավորապես արգելափակել է Իրանում գործող մի շարք ֆինանսական կազմակերպությունների մուտքը SWIFT համակարգ՝ «համաշխարհային ֆինանսական համակարգի կայունությունն ու ամբողջականությունը պահպանելու նպատակով»: Հայտարարության տեքստում, սակայն, SWIFT-ի ներկայացուցիչները Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեն հիշատակում:
ԱՄՆ ներկայացուցիչները կազմակերպության տնօրենների խորհրդում մեծամասնություն չունեն, սակայն ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը զգուշացրել էր, որ իրանական բանկերի հետ համագործակցությունը չդադարեցնելու դեպքում SWIFT-ի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: SWIFT համակարգում ընդգրկված են աշխարհի ավելի քան 11 հազար բանկեր: