Գյանջայում «երկու ծայրահեղական» է սպանվել

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, երեկ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում սպանվել են, ինչպես իշխանություններն են փոխանցում՝ «երկու կրոնական ծայրահեղականներ՝ Ֆամիլ Ալաքբարովը և Ռուստամ Ռզաևը»:

Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ այդ քաղաքացիները հրաժարվել են ենթարկվել իրենց մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին:

Գյանջայում անցած ամիսներին արդեն տեղի են ունեցել նմանօրինակ միջադեպեր: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ալաքբարովն ու Ռզաևը «ծայրահեղական կրոնական զինյալ խմբավորման անդամներ են»:

Ոստիկանները նրանց մեքենայում հայտնաբերել են ԱԿ-47 տեսակի ինքնաձիգ հրացան, պայթուցիկներ և նռնակ:

Լարվածությունը Գյանջայում ի հայտ է եկել դեռ այս տարվա հուլիսին, երբ քաղաքապետարանի շենքի մոտ հրազենային վնասվածք է ստացել քաղաքապետը, ինչից հետո սկսված անկարգությունների ընթացքում երկու ոստիկան է սպանվել: