Ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանցի ցուցարարները բողոքի ակցիա են անցկացնում ԱՄՆ-ի նախկին դեսպանատան համալիրի մոտ, Թեհրան, 4-ը նոյեմբերի, 2018թ.

Այսօր ուժի մեջ է մտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթը, որը նախագահ Դոնալդ Թրամփը որակել է որպես «ամենահզորը երբևէ սահմանվածից»:

Նոր պատժամիջոցների թիրախն են Իրանի էներգետիկայի, նավագնացության, նավաշինության և ֆինանսական սեկտորները:

Վաշինգտոնը հայտարարել է, որ այդ փաթեթի նպատակն է «ստիպել Իրանին փոխել վարած քաղաքականությունը և վերջ տալ տարածաշրջանում վնասակար գործունեությանը»:

Այսօր վաղ առավոտյան Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե «երկիրը արժանապատվորեն կշրջանցի այդ նոր սահմանափակումները»:

Դրանից ժամեր առաջ Թրամփը՝ ակնարկելով Իրանում վերջին շաբաթներին ի հայտ եկած տնտեսական ճգնաժամն ու սոցիալական դժվարությունները, ասել է, թե «տեսնում եք, ինչ է կատարվում Իրանում, նրանց գործերը լավ չեն»:

Վաշինգտոնը նախազգուշացրել է Իրանից նավթ գնող երկրներին, որ հարկ է «մինչև զրո հասցնել գնումներն, այլապես գնորդները նույնպես կենթարկվեն պատժամիջոցների»:

Միաժամանակ Վաշինգտոնը 180 օր է հատկացրել 8 պետություններին, որոնք կարող են այդ ընթացքում շարունակել իրանական նավթի գնումը:

Այց ցուցակում են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Հունաստանը, Թուրքիան, Ճապոնիան և Թայվանը: