ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունում, ըստ էության, չեն հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

«Ազատության» հարցին, թե քննարկվու՞մ է արդյոք Զասի թեկնածությունն, արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանեց․ - «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկբզունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսը ներկայացնող թեկնածության քննարկման մասին երեկ հաղորդել է մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով դաշինքի անդամ երեք երկրներում դիվանագիտական իր աղբյուներին, ըստ որոնց, գալիք երեք տարիներին, ամենայն հավանականությամբ, Ստանիսլավ Զասն է զբաղեցնելու կազմակերպության գլխավոր քարտուղարի աթոռը:

Միևնույն ժամանակ «Կոմերսնտ»-ը գրում է, որ հարցն իր վերջնական լուծումը կստանա Աստանայում՝ նոյեմբերի 8-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:

ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն այսօր պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում քննարկվում է Ստանիսլավ Զասի թեկնածությունը, միայն ասաց, թե կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը «հավանաբար կքննարկվի ՀԱՊԿ նոյեմբերի 8-ի գագաթնաժողովի ընթացքում»:

Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը այսօր անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածության առաջադրմանը՝ ըստ РИА Нововсти-ի, նշել, որ նման տեղեկություն չունեն՝ հավելելով, որ այս պահին անգամ հայտնի չէ, թե որ երկրից է լինելու թեկնածուն:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծիքով, եթե ի վերջո Բելառուսի ներկայացուցիչը ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում` չնայած Հայաստանին հատկացված եռամյա ժամկետը դեռ չի ավարտվել, ապա այդ հանգամանքը ևս մեկ ապացույց կհանդիսանա, որ դաշինքը որպես կառույց դեռ չի կայացել. - «Այս իրավիճակը խոսում է ՀԱՊԿ-ի ոչ կանոնակարգված, ոչ ձևավորված լինելու մասին: ՀԱՊԿ-ը միակ միջազգային կազմակերպությունը չի․ ցանկացած տեղ եթե մի երկիր ունի իր քվոտան, այդ քվոտան տարածվում է ժամանակաշրջանի վրա, և ընթացքում երկիրը կարող է փոխել իր ներկայացուցչին: Այսինքն, եթե կազմակերպությունը նորմալ լիներ, ապա Հայաստանը ուղղակի հետ կկանչեր Խաչատուրովին, որևէ մեկին կնշանակեր այդտեղ»:

Ըստ Իգիթյանի, մասնվորապես Հայաստանի պարագայում ՀԱՊԿ-ը բազմիցս ի ցույց է դրել իր անարդյունավետությունը․ - «Դա կարող է Յուրի Խաչատուրովի անձի հետ էր կապված, բայց ես հիշում եմ, որ դժվար պահերին՝ այն ժամանակ, երբ որ Ադրբեջանի կողմից ագրեսիա էր եղել մեր հյուսիսային սահմանի հանդեպ, մեր հարավային սահմանի՝ Նախևջևանի հետ կապված խնդիրներ են եղել, մարդիկ են վիրավոր եղել, զոհվել, այն ժամանակ ես որևէ տարբերություն չեմ նկատել՝ այնտեղ Հայաստանի՞ ներկայացուցիչն է, թե՞ ոչ Հայաստանի ներկայացուցիչը»:

Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլի 14-ից: