Աղաջանյանի կարծիքով՝ կա երկու լուծում. - «Կա՛մ մենք պաշտոնական հրաժարում ենք ստանում Սերժ Սարգսյանի գրասենյակից, այսինքն՝ նրանք պաշտոնապես մերժում են որևէ բնակարանի ձեռքբերում պետության կողմից, որի հիման վրա և պետությունը կհամարի իր պարտականությունը իրականացրած, կա՛մ, եթե մենք չենք կարողանում նման համաձայնության գալ, պետությունը, այնուամենայնիվ, որևէ բնակարան ձեռք է բերում և տալիս է հնարավորություն պաշտոնաթող նախագահին այդ բնակարանը ձեռք բերել բնականաբար անվճար»:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 31-ին դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն է հաստատել Ձորաղբյուր գյուղում։ Մինչ այդ պաշտոնաթող նախագահը հրաժարվել էր կառավարության առաջարկած մեկ տասնյակ առանձնատներից՝ սովորաբար, ինչպես վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր հայտնել, անվտանգության հետ կապված հիմնավորումներով:
«Տարբեր առաջարկների մերժումից հետո մենք մեր աշխատակազմում քննարկել ենք և տարբեր համեմատությունների հիման վրա հանգել ենք մի վերջնական տարբերակի <>: Ինքը իրականում բավականին լավ, եթե ոչ՝ ճոխ, առանձնատուն էր, ըստ մեր գնահատականների՝ չզիջող նախորդ երկու նախագահներին տրամադրված առանձնատներին, բայց, այնուամենայնիվ, դա ևս մերժվեց: Իսկ դա մենք արդեն նշել էինք, որ վերջին առաջարկն է լինելու», - այսօր ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ շեշտելով, որ «պետությունը չի պարտավորվում ձեռք բերել որևէ առանձնատուն կամ բնակարան, որը կմատնանշի պաշտոնաթող նախագահը»։
Հեղափոխությունից առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել էր դեռևս 2008 թվականին Սերժ Սարգսյանին տրամադրված կառավարական ամառանոցի առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել պաշտոնաթող նախագահին։ Վերջինս, սակայն, ապրիլի 17-ին՝ վարչապետ ընտրվելուց երկու օր անց, երբ փողոցում բողոքի ակցիաներ էին ընթանում, անսպասելիորեն հայտարարեց, որ հրաժարվում է նշված առանձնատան սեփականության իրավունքից, պատճառաբանելով, թե դրա ժամանակը չէ։ Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք առանձնատան խնդիրը։