Ամեն ինչ անելու ենք, որ նոր խորհրդարանը լեգիտիմության պակաս չունենա․ Արտակ Զեյնալյան

Գործող Ընտրական օրենսգրքով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բուռն քննարկումները շարունակվում են քաղաքական ուժերի շրջանում:

Մինչև ընտրությունները արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ է դժվարանում ասել՝ ինչպիսին կլինի հաջորդ խորհրդարանը․ - «Կարող է ապաքաղաքական լինել, կարող է ապաքաղաքական չլինել՝ պայմանավորված է, թե քաղաքական ուժերը ինչպես կմասնակցեն, պետությունը ինչպես կկատարի իր պարտականությունները՝ երաշխավորելու և ապահովելու համար ընտրական իրավունքը»:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ քաղաքական խորհրդարան ձևավորելու գործում անելիք ունի նաև իրավապահ համակարգը: «Մենք ցանկանում ենք՝ բոլորս, որպեսզի լինի այն քաղաքական ընտրություն: Բնականաբար, կառավարությունը, բնականաբար, Ոստիկանությունը ամեն ինչ անելու են, որպեսզի անօրինականություններ չլինեն: Կլինի նոր որակի խորհրդարան, անշուշտ, հաստատ այն ավելի, անհամեմատ ավելի լավն է լինելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որ լեգիտիմության պակաս չլինի», - ընդգծեց Զեյնալյանը:

Նա համաձայն չէ գործող իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, որ ժողովրդի աջակցությունը վայելող իշխանությունը բոլոր հնարավորությունները գործի չդրեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն անցկացնելու համար: Ազգային ժողովի երկու արտահերթ նիստերում էլ նախագիծը քննարկվեց և տապալվեց: Վերջին քվեարկությանը այն ընդունելու համար պակասեց ընդամենը մեկ ձայն:

«Գործող իշխանությունը, կառավարությունը գործադրեց բոլոր ջանքերը: Ինչ ստացվեց՝ դա ստացվեց», - նշեց Արտակ Զեյնալյանը:

Հանրապետական կուսակցության ներդրած ռեյտինգային ընտրակարգով նախորդ ընտրություններին ընտրված պատգամավորներն անգամ դժգոհում են այդ մոդելից և մտավախություն ունեն, որ այս անգամ էլ ընտրապայքարը կլինի ոչ թե քաղաքական ծրագրերի, այլ ձայն բերելու մեթոդներին տիրապետող թաղային հեղինակությունների միջև:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը ռեյտինգային ընտրակարգով է խորհրդարան եկել, սեփական փորձով է համոզվել՝ թեկնածուների միջև պայքարը քաղաքական չէր:

«Ի սկզբանե պայքարել ենք ռեյտինգային ընտրակարգի դեմ՝ հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի համապետական ընտրությունների դառը փորձը, երբ ռեյտինգային ընտրապայքարը վերածվեց ոչ թե քաղաքական պայքարի, այլ թաղային հեղինակությունների անձնական հարաբերությունների և այլնի պայքարի», - ընդգծեց Պետրոսյանը:

Նախորդ ընտրություններում Գևորգ Պետրոսյանը Ավանի և Նոր Նորքի ընտրատարածքում առաջադրվելով մոտ հազար ձայն էր ստացել: Մանդատը ստացավ, երբ իրեն ձայներով գերազանցած հինգ թեկնածուներ հրաժարվեցին մանդատից:

Գևորգ Պետրոսյանի հույսը այս ամիսներին փոխված մթնոլորտն է․ - «Անկեղծ ասած, ստեղծված մթնոլորտը վերջին ամիսների հույս է ներշնչում, որ, համենայն դեպս, նույն էն երևույթները, որ նույն վիճակով կային 2017 թվականին, այսինքն՝ որ բացահայտ տիրում էր մեկ կուսակցության օգտին ծառայելու էդ միտումը թաղային հեղինակությունների, անբանների, հիմա կարծեմ թե այդպիսի վիճակ չի լինի: Բայց ասել, որ երաշխավորվում են բյուրեղյա ընտրություններ՝ սա նույնպես գուշակությունների տիրույթից է»:

Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակի տապալումը այդքան ցավոտ չի լինի, եթե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պահպանեն գործող օրենքի տառը, ասում է պատգամավորը: «Բայց անգամ եթե գործող օրենսգիրքն էլ պահպանվի, փաստորեն պահպանվի քաղաքական բոլոր խաղացողների կողմից, կարծում եմ՝ կորուստը մեծ չի լինի», - շեշտեց Գևորգ Պետրոսյանը:

Ընտրական օրենսգրքի բարեփոխված նախագծով հանվում էր ռեյտինգային ընտրակարգը և անցում էր կատարվելու ամբողջական համամասնականին: Ազգային ժողով կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմն էր նվազեցվելու 1-ական տոկոսով: Հնարավորություն էր ստեղծվելու ընտրողների ձայների առնվազն 2 տոկոսով խորհրդարանում ապահովել չորրորդ ուժի ներկայացվածությունը: