Ալավերդու պղնձաձուլական գործարանն ամենայն հավանականությամբ կարճ ժամանակ անց կվերաբացվի․ տնօրեն

Ալավերդու երկու շաբաթ առաջ փակված պղնձաձուլական գործարանն ամենայն հավանականությամբ կարճ ժամանակ անց կվերաբացվի, աշխատակիցներին վստահեցրեց գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը Ալավերդիում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

«Մենք մի փոքր էլ պետք է համբերությամբ զինվենք։ Այդ մի փոքրը կարող է լինել մեկ օր, կարող է լինել մեկ շաբաթ, ես պայմանական թվեր եմ ասում, կարող է լինել 10 օր, բայց մենք պետք է համբերենք, մինչև այդ վերջնական լուծումները կլինեն, և դրանք, ինչպես ես հասկանում եմ, շատ մոտ են։ Իմ կողմից՝ որպես ընկերության ղեկավար, ես կարող եմ խոստանալ, որ ընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման կամ որևէ նմանատիպ գործողություն չի լինելու», - ասաց Լուսինե Մեջլումյանը։

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն, իր հերթին, գործազուրկ դառնալու վտանգի տակ կանգնած 630 աշխատակիցներին հուսադրեց, թե կառավարությունն ամենօրյա ջանքեր է գործադրում հարցն ի օգուտ աշխատատեղերի լուծելու համար։

«Մենք պատրաստ ենք անել հնարավորը: Պատասխանատու հայտարարում եմ ձեզ՝ մեկ վայրկյան չկասկածեք, որ ամեն ինչ լավ է լինելու, սա ուղղակի խոսքեր չեն», - նշեց Արմեն Մկրտչյանը։

«Վալլեքս» ընկերության խոշոր վարկի դիմաց ՎՏԲ բանկում գրավադրված գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրեց աշխատանքը։ Ընկերությունը հայտարարեց, որ առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով այլևս ի վիճակի չէ շարունակել գործունեությունը։ Դրանից մեկ ամիս առաջ բնապահպանական տեսչական մարմինը ընկերությանը 380 միլիոն դրամի չափով տուգանել էր վերջին երկու տարիներին արտանետումների սահմանաչափը 6-7 անգամ գերազանցելու համար։

Վարչապետի օգնականը նշեց, որ ամեն ինչ անում են, որ գործարանն իր բնականոն աշխատանքը շարունակի, բայց որպես կառավարություն պարտավոր են հաշվի առնել նաև Ալավերդու ավելի քան 12 հազար բնակիչների շահերը, ովքեր մշտապես ենթարկվում են թույլատրելի սահմանաչափը գերազանցող արտանետումների ազդեցությանը։

«5 հազար 600 տոննա ծծմբի անհիդրիդի արտանետման թույլտվություն կա՝ արտանետվում է 38 հազար։ Այո, ընկերությունը պատշաճ վճարում է տուգանքները, 340 միլիոն, ես նաև նայեցի։ Բայց մենք՝ որպես կառավարություն, պատրա՞ստ ենք 13 հազար մարդու առողջությունը փոխենք 700 հազար դոլարով», - հավելեց Մկրտչյանը։

Գործարանի փակվելուց հետո սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը կառավարությանը պահանջներ էր ներկայացրել, որոնցից երկուսը, ըստ կառավարության ներկայացուցիչների, գրեթե լուծված է՝ բնապահպանական տեսչական մարմնի 380 միլիոն տուգանքի վճարումը կհետաձգվի, իսկ ՎՏԲ բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման հարցում բանկն, ըստ ամենայնի, զիջումների կգնա, ասաց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

«Տուգանքի հետ կապված որոշ լուծում արդեն առաջարկել էինք, և այդ հարցը որոշակիորեն արդեն փակված է։ Իսկ երկրորդ հարցը ՎՏԲ-ի հետ կապված հարցն է։ Կառավարությունը որպես միջնորդ փորձում է երկու կողմերի տեսակետները մոտեցնել, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները արդեն, եթե համեմատենք, վերջին 10 օրվա ընթացքում բավական դրական տեղաշարժ կա», - ընդգծեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը։

Երեկ Ալավերդիում թե՛ ընկերության ղեկավարների և թե՛ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ Վարագ Սիսեռյանը շեշտեց, սակայն, որ գործարանը վերաբացելու որոշումը հարցի ժամանակավոր լուծում է լինելու, մինչև նոր գործարանի կառուցումը, որի մասին «Վալլեքս» ընկերությունը նախնական պայմանավորվածություն ունի չինաստանցի ներդրողների հետ։

Հաշվի առնելով անթույլատրելի չափով արտանետումները, կառավարության ներկայացուցիչները շեշտում են, որ այս իրավիճակով գործարանի գործունեությունը չի կարող ձգվել ավելի քան մեկ տարի։ «Աշխատակիցներ հարցը լուծելու համար մենք պատրաստ ենք ժամանակավոր լուծում տալ, որպեսզի մարդիկ աշխատեն, և մենք ինտենսիվ մյուս ծրագրի վրա աշխատենք, որովհետև սա վերջնական լուծում չի», - ասաց Սիսեռյանը:

Կառավարության ներկայացուցիչները նաև նշեցին, որ քաղաքի կենսագործունեությունը մեկ ընկերության աշխատանքով պայմանավորելը կայուն զարգացման հնարավորություն չի տալիս: Կառավարությունը, ըստ նրանց, ամեն ինչ անում է Ալավերդիում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու համար։ «Նախնական, շատ նախնական պայմանավորվածություն կա, բանակցություններ ենք վարում երեք տարբեր ներդրողների հետ, որոնք պատրաստվում են ներդրումներ անել Ալավերդիում և նոր աշխատատեղեր ստեղծել տարբեր ոլորտներում», - փոխանցեց Վարագ Սիսեռյանը: