Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են տարածաշրջանային այցը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ողջունում է Մինսկի խմբի համանախագահներին, 29-ը հոկտեմբերի, 2018թ․

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում ունենալ, հայտարարում են հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Այսօր տարածած հաղորդագրությունում Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտնում են, որ տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին քննարկումն էր, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հաջորդ քայլերի ուրվագծումը:

Համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկու երկրների արտգործնախարարների, Ղարաբաղի իշխանությունների հետ:

«Երևանում և Բաքվում համանախագահների հետ իրենց հանդիպումների ընթացքում երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ Դուշանբեում լարվածությունը թուլացնելու իրենց հանձառությունից հետո բռնությունների մակարդակը նկատելիորեն նվազել է: Իրենց քննարկումների ընթացքում համանախագահները հավելյալ մանրամասներ են իմացել Դուշանբեի պայմանավորվածությունների, ներառյալ հաղորդակցության ուղիղ կապի հաստատման մասին: Համանախագահները ողջունել են այս զարգացումները, ողջունել կողմերին կառուցողական քայլեր իրականացնելու համար և իրենց աջակցությունը հայտնել առաջնորդների պատրաստակամությանը՝ շարունակելու իրենց երկխոսությունը»,- ասված է հայտարարությունում:

Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում վստահության մթնոլորտը պահպանելու կարևորությունը: