Հայաստանի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական ուղերձներ են հղել Վարդանյանների ընտանիքին

Յուրի Վարդանյան, արխիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. - «Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին:

Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է հաղթահարել, որ անհնարինը կարելի է հնարավոր դարձնել:

Նրա հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում: Մենք կորցրեցինք մարզական լեգենդին, որի հետ իմ անձնական հանդիպումները հիշում եմ առանձնակի ջերմությամբ: Նա նաև հասարակական ու պետական կյանքի ակտիվ մասնակիցն էր և մշտապես Հայրենիքի հետ էր իր մտքերով ու ծրագրերով:

Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտն ու տխրությունը:

Յուրի Վարդանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում ու հոգիներում»:

Լեգենդար ծանրամարտիկի ընտանիքին ցավակցագիր է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Բարեհիշատակ Յուրի Վարդանյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում՝ դառնալով ծանրամարտի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակներ արձանագրելով աշխարհի առաջնություններում՝ նա նշանակալի ձեռքբերումներով հավելեց փառքն ու հեղինակությունը մեր ժողովրդի։ Լուսահոգի Յուրի Վարդանյանը նաև քաղաքական ասպարեզում իր գործունեությամբ ջանաց օգտակարություն բերել Հայաստանի առաջընթացին և հայրենի մեր երկրում սպորտի զարգացմանը։ Իբրև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան իր ավանդն ունեցավ հայ-վրացական կապերի ամրապնդման գործում: Ցավ է ամենքիս համար արժանավոր հայորդու կորուստը», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Վեհափառի ցավակցագրում:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը մահացել է այսօր՝ 62 տարեկան հասակում: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Վարդանյանն ապրում էր ԱՄՆ-ում: