Թուրքիայի և ԱՄՆ-ի ստորաբաժանումները Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկություն են իրականացնում

Սիրիայի հյուսիսում ամերիկյան և թուրքական ստորաբաժանումները սկսել են համատեղ պարեկություն իրականացնել՝ կանխելու համար զինված բախումները թուրքերի և քրդերի միջև:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել հաստատելով ամերիկյան և թուրքական զրահամեքենաների համտեղ պարեկությունը Մանբիջի շրջակայքում:

Թուրքական բանակը երկու տարի առաջ Սիրիայի հյուսիս ներխուժեց, պատճառաբանելով ահաբեկչական հարձակումներից Թուրքիայի անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունը: Իսկ ԱՄՆ-ն աջակցում էր քրդական զինված ջոկատներին «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Թուրքիան պնդում է, որ քրդական ջոկատները կապ ունեն Թուրքիայում արգելաված ՔԲԿ-ի հետ ու պայքարում է նրանց դեմ:

Չնայած թուրք-ամերիկյան համատեղ պարեկությանը, Անկարան վերջերս սպառնացել է ռազմական նոր գործողություններ սկսկել Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: